Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի բացառում, որ այս տարի լրացուցիչ գումար տրամադրվի ամանորյա տոնավաճառն ավելի լավ կազմակերպելու համար, քանի որ, իր կարծիքով, նախորդ տարի ցանկալի որակով չէր կազմակերպվել:

Փոխքաղաքապետը հաստատեց, որ կրկին մեկ անձից գնման եղանակով նույն ընկերության հետ է կնքվել լուսավորությունը կազմակերպելու պայմանագիրը, բայց հայտարարեց, որ աշխատանքները որակով է արվում, նոր ձեւի եւ նոր որակի է լինելու:

Նա հրաժարվեց պայմանագրի արժեքը նշել՝ հիմնավորելով, որ դեռ նախնական է այդ թիվը: Սուրեն Գրիգորյանի խոսքով, այս տարի լուսավորությամբ չի զարդարվելու Մարզահամերգային համալիրը, փոխարենը մեկ այլ վայր կզարդարվի:

Պատասխանելով հարցին, թե պետության առաջ կանգնած անվտանգային մարտահրավերների իրավիճակում հիմնավորված է ամանորյա միջոցառումների համար նման մեծ գումարների տրամադրումը՝ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին տարին չէ, որ ապրում է անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, և մեր մոտեցումն այս հարցին հետևյալն է. Ամանորի միջոցառումները, որ իրականացվում են, դրանց հիմնական շահառուները երեխաներն են, մենք չենք կարող ասել՝ երեխանե՛ր, սպասե՛ք, մի՛ մեծացեք, ձեր մանկությունն մի պահ սառեցրե՛ք, անվտանգային խնդիրները կվերանան, նոր այդ պահից կշարունակենք: Հիմա են էդ մարդիկ մանկությունն ապրում և այն պետք է լինի վառ և, եթե կուզեք, բոլորս դրա կարիքն ունենք: Շարունակաբար ծանր տրամադրություն, կորուստներ, զրկանքներ կրող մեր հանրության կյանքում պետք է լինեն վառ կետեր»:

Փոխքաղաքապետը համոզմունք հայտնեց, որ նաև բռնագաղթածներն ամանորյա տոնակատարության կարիք ունեն: