Եթե այս նախագիծը մենք ընդունեինք նախկինում, կան այնպիսի իրավիճակում, որում հայտնված չէր լինի Հայաստանը,  միգուցե ընդունելի լիներ, քանի որ որոշակի հարցեր այն կարգավորում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ  քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ ՀՀ ռազմաքաղաքական իրավիճակը, պատերազմի վերսկսման հնարավոր տարբերակները, հնարավորություն է տալիս  այլ որոշումներ ընդունել, որպեսզի ավելի խստացված լինի զինվորական ծառայության մասին պատկերացումները. «Զինվորական ծառայությունը պետք է նաեւ առաքելություն լինի եւ պետք է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Նախկինում մենք ընդունեցինք որոշում վիճակահանության վերաբերյալ, որ այդ հավասարությունը լինի: Բացի այդ, բանակում գոյություն ունեն նաեւ հանձնաժողովներ, որոնք ընտրություն են կատարում ըստ մասնագիտական կարողությունների:

Ես կարծում եմ՝ այս նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի, մինչև առաջինից երկրորդ ընթերցումը մենք ձեռնպահ կմնանք, իսկ այդ ընթացքում կքննարկենք ու կգանք որևէ եզրակացություն»,- ասաց Օհանյանը։

Հիշեցնենք, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոխությունների նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`

  1. երկու տարի ուղղակի ծառայելով,
  2. մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
  3. վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
  4. մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
  5. չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։

Այսպիսով, ըստ նրա, 10 մլրդ դրամ մուտք կլինի պետական բյուջե, ու 5000–ից ավելի անձ պարտադիր զինծառայություն կանցնի։

Սարգսյանը նշել է, որ այս պահին հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնք չեն ծառայել։

Հիշեցնենք, որ օրենքի նախկին կարգավորմամբ` 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը: 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ: