Սա բանակից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծ չէ, այլ ուղղակի տարբեր պատճառներով Հայաստանից դուրս գտնվելով քրեական հետապնդման տակ գտնվելող մեր հայրենակիցների հարցն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Երբ սա դարձնում ենք օրենք, արձանագրում ենք, որ այո, մշտապես կարող են լինել նման հանցանքներ, մեր հայրենակիցները մշտապես կարող են բանակից խուսափելու կամ այլ պատճառներով մինչեւ 27 տարեկանը ՀՀ սահմաններից դուրս լինեն, դրանից հետո վճարների դիմաց կարող են արդեն բնականոն կյանքով ապրել: Անկյունաքարային հարցն է՝ մշտական դարձնե՞լ օրենքը, թե՞ օրենքն ունենա սահմանափակում, միանվագ, քանի որ այսօրվա 18 տարին չլրացածը կմտածի՝ դե մշտական օրենք կա, արի խուսափեմ մինչև 27 տարեկանը, դրանից հետո կարող եմ որոշակի գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից»,-ասաց նա:
Գեղամ Մանուկյանը նաև նշեց, որ բոլորը չէ, որ բանակից խուսափելու համար են Հայաստանից դուրս գտնվում. «44-օրյա պատերազմի ժամանակ եղան շատերը, որոնք վերադարձան Հայաստան ու կամավորագրվեցին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոխությունների նախագծի հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որն առաջարկել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից հետևյալ կարգավորումներից մեկն ընտրելով`
- երկու տարի ուղղակի ծառայելով,
- մեկ տարի ծառայելով ու 2.5 մլն դրամ մուծելով ՀՀ պետբյուջե,
- վեց ամիս ծառայելով և պետբյուջե վճարելով 5 մլն դրամ,
- մեկ ամիս ծառայելով` վճարելով 10 մլն դրամ,
- չծառայելով ու վճարելով 15 մլն դրամ։
Այսպիսով, ըստ նրա, 10 մլրդ դրամ մուտք կլինի պետական բյուջե, ու 5000–ից ավելի անձ պարտադիր զինծառայություն կանցնի։
Սարգսյանը նշել է, որ այս պահին հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնք չեն ծառայել։





























