27-ից բարձր տարիքի անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից բանակում ծառայության անցնելու կամ  Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որոշակի գումար փոխանցելու դեպքում։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 12-ին ասել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Մասնավորապես, նախագիծը թույլ է տալիս 27-ից բարձր տարիքի քաղաքացիներին զինվորական ծառայության անցնել (ժամկետը՝ երկու տարի); ծառայել 12 ամիս եւ վճարել 2,5 մլն դրամ; ծառայել 6 ամիս եւ վճարել 5 մլն դրամ; ծառայել 1 ամիս եւ վճարել 10 մլն դրամ; վճարել 15 մլն դրամ եւ լիովին ազատվել ծառայությունից։

Պատգամավորի խոսքով՝ 10 մլն դրամը մոտավորապես այն գումարն է, որը ծառայության 2 տարում կստանա պայմանագրային զինծառայողը։ Ասինքն՝ դա այն գումարն է, որի օգնությամբ պետությունը հնարավորություն կստանա ծառայության ընդունել եւս մեկ պայմանագրային զինծառայողի՝ ավելի քան 400 հազար դրամ ամսական աշխատավարձով։ «Իսկ ինչ վերաբերում է 5 մլն դրամ վճարումների տարբերությանը, ապա դա արվել է գոնե կարճաժամկետ ծառայության խթանման համար։ Այդ միջոցը թույլ կտա զենքին տիրապետելու հմտություններ սովորել»,- ասել է խորհրդարանականը։

Սարգսյանը կարծում է, որ օրինագծի ընդունումը թույլ կտա շատ քաղաքացիների վերադառնալ հայրենիք։ Ներկա պահին նախագծի շահառուներ են մոտ 5 հազար մարդիկ։ Պատգամավորը նշել է, որ այդ հնարավորությունից չեն կարող օգտվել զինակոչի ենթակա 18-27 տարեկանները։ Այդ կարգավորումները նրանց վրա չեն տարածվելու, ուստի «սպասելու» փորձերը ոչնչի չեն հանգեցնի։

Պաշտպանության նախարարությունն, իր հերթին, որոշ դիտողություններ է արել։ Մասնավորապես, գերատեսչությունում առաջարկել են ավելացնել օրինագծով սահմանված ժամկետները։ Այսպես, 2 տարին առաջարկվել է փոխարինել 30 ամսով, 12 ամիսը 15 ամսով, 6 ամիսը 7 ամիս 15 օրով։

Կառավարող խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դեմ է արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանը։ «Ստացվում է, որ մենք ներում ենք մեկին, ով խուսափել է ծառայությունից, բայց փո՞ղ է վճարել։ Ես սրանում լուրջ խնդիրներ եմ տեսնում»,- նշել է Գաբրիելյանը՝ չհիշատակելով, որ աղետալի 44-օրյա պատերազմից հետո իշխանություններն արդեն ներել են խուսափողների մեծ խմբի, այն  էլ՝ հենց այնպես, ինչը լուրջ վեճեր է առաջացրել։

Սակայն Հայկ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ իր գործընկերը օրենսդրական փաթեթին մանրամասն ծանոթանալուց հետո անպայման կփոխի դիրքորոշումը եւ «կողմ» կքվեարկի։

«Ժամանակին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը աջակցել է համաներման մասին օրենսդրական նախաձեռնությանը, որը հնարավորություն է տվել 1 360 քաղաքացիների, որոնք դատապարտված էին բանակում ծառայությունից խուսափելու համար, ազատվել քրեական պատասխանատվությունից»,- հիշեցրել է պատգամավորը։

Նա նաեւ նշել է, որ 2011-2019թթ. մոտ 50 հազար մարդ չի ծառայել բանակում տարբեր պատրվակներով կամ հիվանդության պատճառով։ Եվս 10 հազար մարդ չի ծառայել այլ խնդիրներով եւ պատճառներով։ Բանակ չի գնացել նաեւ 2 265 քաղաքացի, որոնք ընդունվել են արտասահմանյան բուհեր եւ համապատասխան արտոնություններ ստացել։ «Եվ ոչ ոք այդ մարդկանցից կոպեկ անգամ չի վճարել պետբյուջե։ Միեւնույն ժամանակ, բանակում չծառայածների մոտ 1 տոկոսն է դատապարտվել ազատազրկման»,- նշել է նախաձեռնության հեղինակը։

Ընդդիմության տեսակետը նույնպես միանշանակ չէր։ «Եթե մենք այդ նախագիծն ընդունեինք ավելի շուտ կամ Հայաստանի համար ավելի բարենպաստ իրավիճակում, ապա, հնարավոր է, այն միանգամայն ընդունելի կլիներ։ Չէ՞ որ, հանուն արդարության, որոշակի խնդիրներ եւ հարցեր այն, այնուամենայնիվ, լուծում է»,- ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։