Դեկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ ՆԳՆ նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղցրաշեն գյուղի բնակիչ՝ 51-ամյա Համլետ Հ.-ն որսորդական հրացանով կրակել և վնասել է համագյուղացի 32-ամյա Ռուբիկ Ա.-ին պատկանող ձիուն և նրա քուռակին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Գյուղ են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումը, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են, իսկ կրակելուց հետո Ռուբիկ Ա.-ն ստիպված է եղել մորթել ձիուն և քուռակին:

Տեղում պարզվել է, որ կրակելու պատճառը եղել է այն, որ ձիերը մտել են Համլետ Հ.-ի հողամաս, ինչից վերջինս նեղսրտել է ու «մուռը հանել է»՝ ձիերի վրա կրակելով:

Ոստիկանները նրա հետ կատարել են բացատրական աշխատանք, ով ոստիկաններին է ներկայացրել 12 մմ տրամաչափի «Իժ-27 ԵՄ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացանը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 700 հազար դրամի վնաս: