Աֆղանստանում չկան համապատասխան իրավական մեխանիզմներ կանանց եւ աղջիկներին գենդերային բռնությունից պաշտպանելու եւ մեղավորներին պատժելու համար, ասվում է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության նոր զեկույցում:
«Իրավիճակը բարդանում է նրանով, որ բողոքները դիտարկվում են հիմնականում տղամարդկանց կողմից։ Ըստ տեղեկությունների՝ դե ֆակտո իշխանությունների վախից շատ տուժողներ նախընտրում են վնասի հատուցման հասնել ավանդական մեխանիզմների միջոցով»,- ասվում է փաստաթղթում։
ՄԱԿ-ի վերլուծաբանները հայտնում են, որ կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության մակարդակը բարձր է եղել նույնիսկ դեռևս 2021 թվականի օգոստոսի 15-ին Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց առաջ: Սակայն այդ ժամանակից ի վեր, ըստ տեղեկությունների, իրավիճակը միայն վատթարացել է:
Դե ֆակտո ոստիկանություն, դատախազություն և դատարաններ ներկայացված կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերաբերյալ բողոքների ամենատարածված պատճառները սպանություններն էին, այդ թվում՝ «պատվի համար» կատարված, բռնաբարությունները, մարմնական վնասվածքներ պատճառելը, ինչպես նաև ժառանգությունից զրկելը:
Իշխանությունները հայտնել են, որ դատում են շարիաթի, ինչպես նաև նախորդ կառավարության օրենքներով, սակայն շարիաթի օրենքները գերակա են: Դատախազության պաշտոնյան նշել է, որ «շարիաթի օրենքներով կանանց նկատմամբ բռնության համար նախատեսված պատիժները շատ ավելի ցածր են՝ համեմատած նախորդ իշխանության օրենքների հետ»։
Մինչև 2021 թվականի օգոստոսի 15-ը Աֆղանստանի 23 նահանգներում պետության աջակցությամբ գործում էին կանանց պաշտպանության մասնագիտացված կենտրոններ։ Ներկայումս երկրում բռնություն վերապրածների համար պաշտոնական ապաստարաններ չկան: Ոստիկանության ներկայացուցիչները կարծում են, որ կանանց ապաստարաններն «արեւմտյան հասկացություն» են, իսկ Աֆղանստանի բնակիչները պետք է գտնվեն իրենց եղբայրների, հայրերի կամ ամուսինների կողքին:
Որոշ պաշտոնյաներ հարցման ժամանակ ասել են՝ այն դեպքերում, երբ իրենք մտահոգված են վերապրածի անվտանգության համար, նրան ուղարկում են կանանց բանտ «իր պաշտպանության համար»:





























