Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան այսօր՝ դեկտեմբերի 19-ին ստորագրել է համագործակցության համաձայնագրեր Իրանի Իսլամական Հանրապետության եւ Մոլդովայի Հանրապետության ակադեմիաների հետ։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի տոնակատարության շրջանակում, ՀՀ ԳԱԱ ընդլայնված ժողովի ընթացքում։
Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ-ն պարգեւատրվել է Մոլդովայի գիտությունների ակադեմիայի եւ Բելառուսի գիտությունների ակադեմիայի մեդալներով։ Շնորհավորական խոսք են ասել գիտնականներ Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, որոնք հատուկ եկել են մասնակցելու հոբելյանական հանդիսություններին։ Օտարերկրյա շատ գիտնականներ տեսակապով շնորհավորանքներ են ուղարկել։
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշել է, որ հոբելյանական միջոցառումը նախատեսվում էր իրականացնել 2023թ. հոկտեմբերին ավելի հանդիսավոր պայմաններում։ Բայց Ադրբեջանի ագրեսիայի պատճառով մտահղացումը չիրականացավ։
Նա ընդգծել է, որ այսօր ժամանակի պահանջն է գիտությունների ակադեմիայի բարեփոխումը եւ արդիականացումը։
Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ ակադեմիայում բարեփոխումների պլանը մշակված է։ Նա հուսով է, որ այն կիրականացվի կրթության եւ գիտության նոր օրենքի ընդունումից հետո։
Խոսելով «Ակադեմիական քաղաք» մեգանախագծի մասին՝ ակադեմիայի նախագահը նշել է, որ նման մասշտաբային նախագիծը պետք է իրականացվի խոր մասնագիտական քննարկումների հիման վրա։
Նա հիշեցրել է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու կլաստերներից, որոնց մեջ մտնելու են բուհերն ու ԳՀԻ-ները։
«Մեր կարծիքով, կլաստերներում կարելի է ներգրավել այն գիտահետազոտական կազմակերպությունները, որոնց գործունեությունը ամբողջովին կամ գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթներին։ Դա հնարավորություն կտա տարանջատել հիմնարար եւ կիրառական ուղղվածության գիտական հետազոտությունները եւ Գիտությունների ազգային ակադեմիային վերապահել իրեն հոգեհարազատ հիմնարար հետազոտությունների ոլորտը, ինչով այն զբաղվել է անցած 80 տարիների ընթացքում», – ասաց Աշոտ Սաղյանը։
80-ամյա հոբելյանի առիթով տարբեր ԳՀԻ-ների մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են ՀՀ ԳԱԱ մեդալով։
Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն վաղը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, կառավարության եւ ԱԺ անդամների մասնակցությամբ։ Տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը։































