Ռեմբրանդտի XVII դարի գլուխգործոց «Գիշերային դետք» կտավում հոլանդական քաղաքացիական զինվորների ջոկատը պատրաստվում է արշավի հայրենի քաղաքի պաշտպանության համար։ Լույսի եւ ստվերի վարպետը շատ արտահայտիչ է պատկերել իր կերտած անձանց ձեռքերն ու դեմքերը, իսկ կիսախավարը թաքցրել է սենյակի մանրամասները եւ քողարկել գվարդիականների մարմինները։

Վերջերս հետազոտողները հայտնաբերել են, որ հանրահայտ կտավը շատ բաներ է թաքցրել։

Առաջին անգամ կտավի պատմության 400 տարվա մեջ  այն ուսումնասիրել են ռենտգենյան ճառագայթների օգնությամբ, եւ արդյունքում հայտնաբերվել է շերտ կապարի բարձր պարունակությամբ, որը երբեք մինչ այդ չի հանդիպել Ռեմբրանդտի գործերում, տեղեկացրել են հետազոտողները Science Advances ամսագրում։

Ռեմբրանդտը եւ նրա ժամանակակից նկարիչները սովորաբար կտավի վրա աշխատանքն սկսել են այն բանից, որ սկզբում կտավը պատել են սոսնձի շերտով՝ կոշտություն հաղորդելու համար, իսկ հետո քսել են պիգմենտի բազային շերտը՝ այն ամրացնելու համար։

Բայց «Գիշերային դետք» կտավում սոսնձի շերտ չի եղել։ Գուցե դրա փոխարեն օգտագործվել է կապարի շերտը, քանի որ այն ավելի լավ է պաշտպանում կտավը, ենթադրում են հետազոտության հեղինակները։

Առաջատար հեղինակ, Ամստերդամի Ռեյկմուզեումի մանրադիտակային բաժնի գիտաշխատող Ֆրեդերիկ Բրոերսի խոսքով՝ կտավն ամրացնելու գաղափարը Ռեմբրանդտը կարող էր ունենալ գեղանկարչության քիմիայի մասին հրապարակումից հետո, որը գրվել է մոտավորապես նույն ժամանակաշրջանում, ժնեւցի բժիշկ Թեոդոր դը Մայերնի կողմից։