Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Մասյանյա» մուլտսերիալն ստեղծող Օլեգ Կուվաեւի (ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա գործակալ) նկատմամբ։ Այս մասին վկայում է նախարարության հետախուզության բազան։
Կուվաեւը որոնվում է Քրեական օրենսգրքի հոդվածով։ Թե կոնկրետ որ՝ չի նշվում։
Դեկտեմբերի 22-ին արդարադատության նախարարությունը նրան մտցրել է օտարերկրյա գործակալների ռեեստր։
Հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգի քննիչները քրեական գործ են հարուցել Օլեգ Կուվաեւի դեմ։ Գործը հարուցվել է ՌԴ Քր.օր. 280.4 հոդվածով՝ «Պետության անվտանգության դեմ ուղղված գործունեության իրականացման հրապարակային կոչեր»։
Մինչ այդ Կուվաեւը ստեղծել էր հոլովակ, որտեղ Մասյանյան ռուս զինծառայողներին կոչ է անում գերի հանձնվել ուկրաինական կողմին՝ կայքի օգնությամբ, որն ստեղծվել է իբր Ուկրաինայի Զինված ուժերի աջակցությամբ։ 2022թ. «Ռոսկոմնադզորը» դիմել է mult.ru կայքի տիրոջը՝ պահանջելով հեռացնել «Մասյանյա» մուլտսերիալի այդ կտորը։ Այնտեղ նշել են, որ սերիան պարունակում է հանրայնորեն նշանակալի եւ ոչ ստույգ տեղեկություն հատուկ գործողության ընթացքի մասին։





























