Երեւանում նոյեմբերի 7-ին եւ 8-ին անց է կացվելու «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով երկօրյա գործարար համաժողովը: Գործարար համաժողովին կմասնակցեն եւ բացման խոսքով հանդես կգան Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Բելգիայի թագավորության արտաքին գործերի նախարարության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տնօրեն, Գունտեր Սլուվագենը, հայ բելգիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը, արտահանման եւ օտարերկրյա ներդրումների Վալոնիայի գործակալության փոխտնօրեն Շանտալ դե Բլուն, ՄԱԱԶԿ (ՅՈՒՆԻԴՕ) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, բելգիացի գործարարներ Վալոնիա նահանգից; Գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո կկայանան անհատական հանդիպումներ հայ եւ բելգիացի գործարարների հետ:

Ելույթներով հանդես կգան Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Մոսկվայում Բելգիայի թագավորության դեսպանատան Ֆլանդրիայի Ներդրումների եւ առեւտրի հանձնակատար պարոն Անդրեյ դե Ռեյկը եւ բելգիացի գործարարներ Ֆլանդրիա նահանգից: Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 8-ին նախատեսվում է անցկացնել ճեպազրույց` Հայաստանի  էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի, Բելգիայի Թագավորության Վալոնիայի եւ Ֆլանդրիայի նահանգների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ: