Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 4-ին, ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին եւ բարձր գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեությունը, որն ուղղված է երկրի տնտեսական աշխուժության ապահովմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ բանկի փոխնախագահ Յան Ֆիշերի այցը եւս կնպաստի փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման սկզբում ՎԶԵԲ փոխնախագահը նախ շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի առթիվ. «Սա նաեւ Եվրոպական բանկի հետ հաջող համագործակցության քսան տարին է: Այս քսան տարիների ընթացքում մենք ավելի քան 600 մլն եվրոյի ներդրում ենք կատարել Հայաստանում եւ ներգրավված ենք եղել ավելի քան 100 ծրագրում: Շատ դրական եմ գնահատում Հայաստանում վերջին ժամանակահատվածում իրականացված բարեփոխումները, որոնք նպաստում են երկրի տնտեսական բարեփոխումների առաջխաղացմանը եւ գործարար միջավայրի բարելավմանը»,-ասել է Յան Ֆիշերը:

ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել մեր երկրի համար եռամյա՝ 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման, համագործակցության առաջնահերթությունները քննարկելու համար: Նա վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ եւ աջակցությունը բարեփոխումներին: