Այսուհետեւ փոքր ու միջին բիզնեսը նույն կերպ չի ստուգվելու, ինչ մնացածը, քանի որ ՓՄՁ-ն պակաս ռիսկային է: «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները գյումրեցի գործարարներին ներկայացնելիս հայտարարել են ՓՄՁ հիմնադրամ ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Նարինե Մայիլյանն ու նախարարությանը կից Տեսչական բարեփոխումները համակարգող աշխատանքային խմբի ներկայացուցիչները գյումրեցի գործարարերի հետ հանդիպման ժամանակ: Խմբի համակարգող Գեւորգ Պողոսյանի խոսքերով, «այսուհետեւ առանձնացվելու են տնտեսավարողների 3 խումբ՝ ըստ ռիսկայնության, որպեսզի ՓՄՁ-ներում նույն կերպ ու  նույն հաճախականությամբ ստուգումներ չիրականացնեն, ինչ առավել ռիսկային համարվող տնտեսավարողների մոտ»: Ըստ նրա՝ ստուգող մարմինը պետք է նախ տարբերակի՝ տվյալ ձեռնարկությունը որքանով է ռիսկային: «Միայն բարձր ռիսկայնությամբ ձեռնարկություններում պետք է ստուգում անցկացնել տարին մեկ հաճախականությամբ»,-ասել է  Գեւորգ Պողոսյանը:

Այս փոփոխությունները ներկայացնելուց հետո ծրագրի փորձագետն առաջարկել է լսել գյումրեցի գործարարներին ու հաշվապահներին: Ու բավականին կոշտ արձագանքներ է լսել. «Դուք ուզում եք ասել, որ մի բարեփոխում փոքր գործարարի շահերից է լիելու, նման բան չկա, էլի ռիսկային բիզնեսը կհամարեն ոչ ռիսկային, իսկ կուժ ու կուլան կկոտրվի խեղճ փոքրի գլխին»,-ասել է ոլորտում թրծված մասնագետ ու գործարար Ալբերտ Մարտիրոսյանը: Ըստ նրա բոլոր բարեփոխումներն էլ մեզ մոտ հակառակ արդյունքն են տալիս:

Գյումրեցի հաշվապահ Զաբելա Բոյաջյանն էլ նկատել է, որ մինչեւ այժմ ներկայացված բոլոր փոփոխություններն ու ծրագրերը մնացել են թղթի վրա, «փոքր գործարարն անընդհատ քաշքշուկի մեջ է, իսկ հարկայինը գործում է որպես ուժային կառույց»,- ասել է հաշվապահը: ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի Գյումրու գրասեբնյակի տնօրեն Արթուր Զաքրյանը իր հերթին դժգոհել է, թե եթե հարկային տեսուչների թիկունքին պետությունն է, նրանք պաշտպանված են, ապա փոքր գործարարը իր թիկունքին ոչ ոք չունի: «Ինչ ուզեն կանեն, ինչ ակտ ուզեն կգրեն, չմուծեն, դեռ թող չմուծեն` կսկսվի ստուգումների շարքը»,- ասել է Զաքարյանը: Ըստ նրա՝ առաջարկում են գործարարին իր իրավունքները ճանաչել, բայց ճանաչելով հանդերձ՝ այս երկում պաշտպանվել հնարավոր չէ, քանի որ պաշտպանող կառույց չկա, «չկա մեկը, որ գնաս բողոքես ու գործարարի շահերը պաշտպանի»,- ասել է Արթուր Զաքարյանը:

Գործարար Ալբերտ Մարտիրոսյանի  կարծիքով բոլոր բարեփոխումները, որ իրակաացնում է մեր երկիրը բիսնես կամ հարկային բարեփոխումների ոլորտներում՝քաղաքակիրթ երկրների փորձն է, բայց այդ փորձը մեզանում կիրառել հնարավոր չէ:

«Մենք քաղաքակիրթ երկիր չենք, էդ ռեֆորմները մեզ մոտ չեն անցնում, էստեղ, եթե փոքր գործարարը օրենքով գործի, պիտի փակվի, ծախի բիզնեսը, գնա երկրից»,- ասել է մասնագետը հավելելով, որ մեր մոտ պետք է կիրառել այն երկրների փորձը, որ խախտում անելիս, ձեռք են կտրում. «Թե չէ, ինչ ռեֆորմ, սրա վերջը ասեմ՝պարզ է՝ խեղճերին մորթելու են, օլիգարխը կրկին բարգավաճելու է»,-ասել է Ալբերտ Մարտիրոսյանը: