Հաագայի «Աբովյան» մշակութային միությունում, նոյեմբերի 6-ին, տեղի է ունեցել «Ֆրիտյոֆ Նանսենը եւ հայերը» խորագրով հոբելյանական միջոցառումը` նվիրված մեծ գիտնականի եւ մարդասերի ծննդյան 150-ամյակին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոբելյանական միջոցառմանն ելույթով հանդես է եկել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով մեծապես կարեւորել է Նանսենի կատարած աշխատանքը` որպես Փախստականների հարցերով առաջին հանձնակատարի, նրա ջանքերն` ուղղված բազմահազար փախստականների ու տեղահանվածների, գերիների ու սովյալների տառապանքը թեթեւացնելուն: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք պատվում ենք մի մարդու հիշատակը, ով իր նորարարական մտածողությամբ, ընդունվածից ու հարմարավետությունից վեր դատելու կարողությամբ, ինչի օրինակն է հարյուր հազարավոր փախստականների ու գերիների համար արժանապատիվ կյանք ունենալու հիմքերն ապահովող Նանսենյան անձնագրերի ստեղծումը, նոր ուղիներ բացեց մարդասիրական մոտեցումների, գործողությունների ու, հետագայում, օրենսդրության համար… Հնարավոր չէ ավելի լավ գնահատել Նանսենի կատարած աշխատանքը, քան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի խոսքերով. «Ֆրիտյոֆ Նանսենի գործն Ավետարանի մարդկային թարգմանությունն է»:
Միջոցառմանն ելույթ են ունեցել նաեւ Նիդերլանդներում Նորվեգիայի դեսպան Անիկեն Ռամբերգ Կրուտնեսը, փիլիսոփա-լրագրող Հայկո Եսայանը, ում ընտանիքը Հոլանդիա է ներգաղթել Նանսենյան անձնագրով, եւ ցուցադրվել է կարճ վավերագրական ֆիլմ Ֆրիտյոֆ Նանսենի մասին:




























