Համաշխարհային ճգնաժամը բացահայտեց Հայաստանի հիմնական խնդիրները. տնտեսության անբավարար դիվերսիֆիկացումը, անարդյունավետ պետական կառավարման համակարգը եւ մրցակցության անհավասար պայմանները։ Այս մասին Բրյուսելում, Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, իր հերթին տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ աղքատության ավելացման, արտաքին պետական պարտքի աճի եւ բարձր սղաճի վրա։ Բոլոր այս գործոններն, ըստ Տ. Սարգսյանի, նվազեցրել են բարեփոխումներ իրականացնելու մեր ներուժը, սակայն, ԵՄ-ն էական աջակցություն է տրամադրել գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար։
«Այսօր Հայաստանի տնտեսությունը աստիճանաբար վերականգվում է, 2011թ. առաջին ինն ամիսների ընթացքում մենք հասել ենք տնտեսության հինգ տոկոս աճի։ Քաջալերող է նաեւ այն, որ տնտեսության դիվերսիֆիկացումը աստիճանաբար թափ է առնում։ Հաջոդ տարի մենք ակնկալում ենք հասնել տնտեսության ցուցանիշների նախաճգնաժամային մակարդակի ամբողջական վերականգնմանը։ Մեր նպատակն է հասնել այնպիսի աճի, որը կարող է իրական ազդեցություն ունենալ զարգացման վրա` նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության հաղթահարմանը։
Կցանկանայի անդրադառնալ ինստիտուցիոնալ բարեփոխումների մեր օրակարգին` մի քանի հակիրճ կետերով։
• Ժողովրդավարական հաստատությունների ուժեղացումը մեր օրակագի գլխամասում է։ Ուժեղ ժողովրդավարական հաստատությունների, ակտիվ քաղաքացիական հասարակության, խոսքի ազատության եւ արդար ներկայացուցչության առկայությունը քաղաքական կայունության ապահովման գործում կենսական նշանակություն ունեն։ Ներկայումս, մենք նախապատրաստվում ենք հաջորդ խորհրդարանական ընտրություններին։ Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում։ Մենք ցանկանում ենք, որ առաջիկա ընտրությունները հավաստեն մեր ուժեղ եւ անդառնալի նվիրվածությունը ժողովրդավարությանը։ Մենք ունենք նոր ընտրական օրենսգիրք եւ քաղաքացիական ծառայության մասին նոր օրենք, համաձայն որոնց, բարձաստիճան պետական պատոնյաները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, եւ դրանք պետք է առցանց հասանելի լինեն հանրության համար։ Այս երկու միջոցառումներն էլ իրականացվել են` ապահովելու թափանցիկ նախընտրական եւ ընտրական գործընթացներ։
• Մենք բարեփոխումներ ենք իրականացնում կրթական համակարգի բոլոր մակարդակներում, որովհետեւ մենք հավատում ենք, որ կրթական բարեփոխումները մտավոր ներուժի ավելացման եւ հասարակական վարքի փոփոխությունների արագացման ամենաարդյունավետ եղանակն են։ Ժամանակակից հասարակություն հնարավոր չէ կառուցել առանց ժամանակակից համալսարանների։
• Հարկային եւ մաքսային բարեփոխումների ու մրցակցության բարելավման առումով մենք համագործակցում ենք ԵՄ հետ երեք կարեւոր ոլորտներում. առեւտրի տեխնիկական խոչընդոտներ, մտավոր սեփականության իրավունք եւ ֆիտոսանիտարական միջոցառումներ։ Մենք հավատում ենք այս ծրագրերի հաջողությանը եւ հուսով ենք, որ հաջորդ տարի, մեր առաջընթացի վրա հիմնված, կարող ենք սկսել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները։
• Կոռուպցիան եւ անարդյունավետ պետական կառավարման համակարգը բարեփոխումների իրականացման լուրջ խոչընդոտներ են։Այս պատճառով , մենք հաստատել ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Մենք մշակել ենք շահերի բախման հայտարարագրման օրենսդրությունը եւ ներկայումս, այս օրենքի կիրառման համար ինստիտուցիոնալ հիմք ենք ստեղծում։
• Վերջերս, մենք ընդունեցինք կենսաթոշակների կուտակային համակարգը, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2014 թվականին։ Այս նոր համակարգի արդյունքում, կարծում ենք, որ մեր քաղաքացիներն ավելի անմիջականորեն պատասխանատու կլինեն իրենց ապագայի, ինչպես նաեւ ողջ հասարակության բարեկեցության համար։ Սա, միջին խավի զարգացման հետ մեկտեղ, կնպաստի ավելի կենսունակ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը։
• Համաշխարհային բանկի աջակցությամբ, մենք մշակում ենք արտահանման կողմնորոշվածության եւ գիտելիքահեն տնտեսության զարգացմանն ուղղված ծրագիր` պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա։
Մենք գիտենք, որ իմ կողմից նշված բոլոր բարեփոխումների հաջող իրականացումը կենսական նշանակություն ունի մեր կողմից հռչակված արժեքների եւ մեր ներկա իրականության միջեւ անջրպետը ծածկելու համար։
Որպես մի կուսակցություն, որը ԵԺԿ-ի հետ արժեքների ընդհանուր պալտֆորմ ունի, ես վստահ եմ, որ կարեւոր է ձեր դերակատարումն այս ոլորտում։ Հզորացված համագործակցությունը եւ սերտ կապը Եվրոպայում նույնանման մտածողության քաղաքական ուժերի հետ ոչ միայն կընդլայնի մեր փորձն, այլեւ կհարստացնի մեր քաղաքական կուսակցությունների գաղափարախոսական հենքը։ Այն կխթանի առանցքային եվրոպական արժեքների հետագա տարածումը Հայաստանում` այսպիսով նպաստելով ԵՄ հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման մեր քաղաքականության հաջողությանը»,- նշել է վարչապետը:




























