ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը Հայաստանը կստորագրի 2012 թվականի առաջին կեսին: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Ստյորեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք պատրաստվում ենք համաձայնագիր ստորագրել Եվրոպական միության, Շենգենի գոտու երկրների հետ, որը հույս ունեմ, որ մյուս տարվա առաջին կեսին կկատարվի, որը վերաբերում է մուտքի արտոնագրերի, վիզային ռեժիմի դյուրացմանը, եւ այդ շրջանակներում կլինի համապատասխան դյուրացում սովորական անձնագրեր կրողների համար»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր, երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզային ռեժիմի վերացման մասին: