Վիեննայում, նոյեմբերի 8-ին, Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելային է հանձնել իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Յումկելան իր խոսքում ողջունել է ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին եւ շնորհակալություն է հայտնել նրան այցելության համար: Գլխավոր տնօրենը ներկայացրել է կազմակերպությունում կատարված բարեփոխումները եւ կառույցի հետագա նպատակներն ու ծրագրերը:
Դեսպան Արման Կիրակոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ անդրադարձել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության եւ ՀՀ միջեւ առկա խնդիրներին: Դեսպանը կարեւորել է գործնական բնույթի համագործակցությունը կազմակերպության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:




























