Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` նոյեմբերի 10-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի սոցիալիստական հանրապետության նորանշանակ դեսպան Ֆամ Սուան Շոնը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին, հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի խորացնել հարաբերությունները բարեկամ Վիետնամի հետ: Սերժ Սարգսյանը դեսպան Ֆամ Սուան Շոնի հետ քննարկել է երկկողմ կապերի ընդլայնման եւ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցներն այդ առումով կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ աշխատանքը, տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հետ միասին, իբրեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ, Ֆրանկոֆոն երկրների եւ նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում ակտիվ փոխգործակցությունը:

Վիետնամի դեսպանը նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարեւորվում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը: Նրա խոսքով, Վիետնամում խորին հարգանքով ու երախտագիտությամբ են վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին, ում կողմից դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից իր երկրին անհրաժեշտ աջակցություն եւ բարեկամական վերաբերմունք է ցուցաբերվել: