Հայաստանի ՏԻՄ 15-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր` նուեյմբերի 10-ին, Մատենադարանում տեղի է ունեցել  մրցանակաբաշխություն, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակները հանձնել է անձամբ կառավարության ղեկավարը:

2011 թվականի լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, իսկ լավագույն գյուղական համայնք՝ Արարատի մարզի Մխչյան համայնքը: «Մաքուր համայնք 2011»-ին արժանացել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքը եւ Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքը: «Լավագույն կանաչապատ համայնք» կոչումն ստացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքը: «Համայնքային կյանքի լավագույն լուսաբանում» մրցանակին է արժանացել «Հետք» ինտերնետային թերթը, իսկ «Մշակութային լավագույն քաղաքային համայնք»՝ Գյումրի քաղաքը:  

ՀՀ տարածքային կառավարման նախարարութան եւ «Հայաստանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի եւ կազմակերպվում է սկսած 2006 թվականից։

Մրցանակաբաշխության նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաեւ ձեւավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունը նաեւ ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է։