Եմենի հութիները չորս հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծովում՝ Պանամայի դրոշի ներքո նավարկող, Չինաստանին պատկանող «Huang Pu» լցանավի մերձակայքում, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Հաղորդման համաձայն, միջադեպը տեղի է ունեցել մարտի 23-ին, Սանայի ժամանակով 02:50-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում:
«Ժամը 16:25-ին (Սանայի ժամանակով) հայտնաբերվել է հինգերորդ բալիստիկ հրթիռը՝ արձակված «Huang Pu» նավի ուղղությամբ։ Նավը աղետի ազդանշան է տվել, սակայն օգնություն չի խնդրել: Նավին նվազագույն վնաս է հասցվել, իսկ նավի վրա բռնկված հրդեհը մարվել է 30 րոպեի ընթացքում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, նավը վերադարձել է իր սկզբնական երթուղուն: Հութիները հարձակվել են «MV Huang»-ի վրա, չնայած նախկինում հայտարարել էին, որ չեն հարձակվելու չինական նավերի վրա», - ասվում է զեկույցում:
Բացի այդ, ԱՄՆ-ի ուժերը, ներառյալ «USS Carney (DDG 64)» նավը վեց անօդաչու են խոցել Կարմիր ծովի հարավային մասում, Սանայի ժամանակով 06:50-ից 09:50-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության, դրանցից հինգն ընկել է Կարմիր ծովը, իսկ մեկը թռել է Եմենի խորքերը՝ «հութիների կողմից վերահսկվող տարածքներ»։
«Այս անօդաչուները ուղղակի սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանում ամերիկյան, կոալիցիայի և առևտրական նավերի համար: Այս գործողություններն իրականացվում են նավագնացության ազատությունը պաշտպանելու և ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար միջազգային ջրերի անվտանգությունը բարձրացնելու նպատակով»,- ասել է CENTCOM-ը:




























