Անվտանգության ուժերը օպերատիվ գործողություններ են իրականացնում երկու՝ Մախաչկալայի և Կասպիյսկի (Դաղստան),  շրջաններում, հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԴԾ օպերատիվ շտաբի աղբյուրին։

«Որոշում է կայացվել առավոտյան ժամը 5:35-ից Մախաչկալայի Լենինսկի, Սովետսկի շրջանների և Կասպիյսկ քաղաքի վարչական սահմաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ մտցնել»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, հակաահաբեկչական գործողության ժամանակահատվածում, մինչև հետագա ծանուցումը, նշված տարածքում կգործեն մի շարք հատուկ միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ։

«Դաղստանի օպերատիվ շտաբը դիմում է հանրապետության բոլոր բնակիչներին՝ խնդրանքով բարձրացնել զգոնությունը և համակողմանի աջակցություն ցուցաբերել իրավապահ մարմիններին ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում խնդիրների լուծման գործում», - ասել է շտաբի ներկայացուցիչը։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ իրավիճակի զարգացման ընթացքի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։

Իր հերթին, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ահաբեկիչներն արգելափակված են Մախաչկալայի և Կասպիյսկի բնակելի թաղամասերում։

«Անվտանգության մարմինների կողմից Դաղստանում օպերատիվ որոնողական աշխատանքների ընթացքում տեղեկություններ են ստացվել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված զինված անձանց գտնվելու վայրի մասին։ Այս գիշեր նրանք ԱԴԾ հատուկ ջոկատայինների կողմից արգելափակվել են Մախաչկալայի և Կասպիյսկի բնակելի թաղամասերի մի քանի բնակարաններում»,- ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ։

«Հարակից տների բնակիչները տարհանվել են։ Իրավապահ ուժերի գործունեության համակարգումն ապահովում է ԱՀԿ օպերատիվ շտաբը»,- հայտնում են կոմիտեից։