Անկախ նրանից, թե որ ուժերն են լինելու իրադրության տերը, Հայաստանի կյանքը լինելու է նույնը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ մինչեւ հունվար գլոբալ կենտրոններից մեկը պիտի փորձի ամրապնդել դիրքերը՝ դժվարություն ստեղծելով մյուսի համար, իսկ եթե դա չանի,մյուս կենտրոնը կդառնա իրավիճակի տերը: «Եթե իշխանությանը հաջողվեց մինչեւ հունվար չեզոքացնել նախկին իշխանությանը, ապա մի կողմից հնարավոր է, որ Մոսկվան ցանկանա ընդդիմությանը դարձնել իր ուժը, իսկ Արեւմուտքը ցանկանա ամեն ինչ անել՝ համաձայնության բերելով երկուսին, որպեսզի Մոսկվան դա չանի»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:
Ներքին գործերի նախկին նախարարը չցանկացավ մեկնաբանել Հայաստանի նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանի կադրային փոփոխությունները՝ պատճառաբանելով, որ ինքը վատ կոնսուլտանտ է նեքին գործերի իմաստով, քանի որ երբ ինքը նախարար դարձավ, այդ համակարգը կազմաքանդված էր, եւ երկիրը պատրաստվում էր պատերազմի, ստեղծվում էր բանակ Ներքին գործերի համակարգում եւ այդ ժամանակ ինքն ապահովել է ներքին գործերի համակարգի քաղաքական տանիքը:




























