Լոռիի մարզի Փամբակ համայնքում միայն 2001 թվականին կառուցված դպրոցն է քարաշեն կառույց համարվում, մնացած բոլոր կառույցները` այդ թվում նաեւ գյուղապետարանն ու բուժկետը գործում են տնակային պայմաններում: Կառավարության տրամադրած դոտացիայի շնորհիվ, գյուղապետարանի աշխատակիցները ստանում են աշխատավարձ` սկսած 30 հազար դրամից: Փամբակը համարվում է հողազուրկ տարածք ու ըստ գյուղապետ Սամսոն Ուլիխանյանի, իրենք վարելահողեր առհասարակ չունեն, չհաշված յուրաքանչյուր գյուղացու մոտ 1000 քմ տնամերձ հողամասը:

Գյուղում 250 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ կան, մինչդեռ անասնապահության համար նախատեսված խոտածածկ տարածքներ գրեթե չկան, ամբողջ գյուղի համար խոտածածկ տարածքները կազմում են մոտ 35 հա, որն էլ, ըստ անասունների գլխաքանակի, ամեն տարի բաժանվում են գյուղացիներին: «Փամբակը գազաֆիկացվեց 2 տարի առաջ»,-ասում է գյուղապետ Սամսոն Ուլիխանյանն ու հավելում. «Գազի գիծն անցնում է գյուղի միջով, բայց ժողովուրդը չի կարող 100 հազարի չափ փող ծախսել, գազն իրենց տուն հասցնելու համար, ամբողջ գյուղից ընդամենը մի 20 տուն գազ ունի, մնացածը փայտ են վառում: Ես փորձեցի գազի գրասենյակի հետ բանակցել, որ մարդիկ գազ քաշեն, հետո կամաց-կամաց փողը տան, բայց չհամաձայնեցին»:

Նրա խոսքով, բացի վառելիքի խնդրից, գյուղի առաջնային խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, ընդհանուր առմամբ, աշխատանք ունի մոտ 30 հոգի, ներառյալ  նաեւ ժամանակավոր աշխատատեղերը, համայնքի բնակչությյունից մի քանիսն էլ նախընտրում են ամենամյա սեզոնային արտագնա աշխատանքը: Փամբակի դպրոցը հիմնական է, ունի 37 աշակերտ, այս տարի ընդունել են 5 առաջին դասարանցի ու ըստ գյուղապետի, սա ավելի բարձր է անցած տարվա ցուցանիշից, գյուղապետը գոհ է նաեւ ծնելիության մակարդակից: Գյուղաբնակներն ու համայնքապետն ասում են, որ իրենք շատ խնդիրներ ունեն, բայց կարեւոր է ոչ թե դրանք բարձրաձայնելը, այլ այդ խնդիրներին լուծումներ տալը: