ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին, որ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: Նրանցից փորձեցինք ճշտել աշխատանքից ազատվելու պատճառները եւ նոր աշխատանքի հեռանկարները:
ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը չցանկացավ խոսել իր` աշխատանքից ազատվելու պատճառների մասին: Նա ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու է աշխատել գրեթե երկու տարի, իսկ թե ինչով է զբաղվելու ԱԺ-ից հեռանալուց հետո, նա նշեց. «Ես ինքս ակտիվ մարդ եմ, միշտ աշխատել եմ, 11 տարվա հեռուստատեսային լրագրողի աշխատանքային փորձ ունեմ եւ հավանաբար նույն ասպարեզում էլ կշարունակեմ աշխատել»:
Իսկ ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը չնշեց, թե որտեղ է աշխատելու ԱԺ-ից հետո` հավելելով, որ «ժամանակը կանցնի, կտեսնեք»: «ԱԺ նախագահի օգնականի պաշտոնն այնպիսին է, որ անմիջականորեն կապված է ղեկավարի հետ, եւ կարծում եմ, որ թիմով եկել ենք, մի թիմով էլ պետք է դուրս գայինք Ազգային ժողովից: Բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես չեմ աշխատելու, անձնավորված ինչ-որ պատճառներ չկան»,- նշեց Սերգեյ Լոքյանը, ով երեք տարի է` աշխատում է ԱԺ նախագահի օգնական:
Աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած հաջորդ պաշտոնյան` ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կշարունակի աշխատանքը դասախոսական եւ հասարակական ոլորտում: «Հավանաբար կշարունակեմ աշխատել պարոն Աբրահամյանի հետ շտաբում, որ պաշտոնին` դժվարանում եմ պատասխանել, բայց կարծում եմ, որ կշարունակեմ աշխատել պարոն Աբրահամյանի հետ, դա ինքը պետք է որոշի»,- նշեց նա: Անդրադառնալով աշխատանքից ազատվելու պատճառներին` նա նշեց. «Ուղղակի իմ աշխատանքը հայեցողական պաշտոն է, եւ ենթադրում է, որ ընդունվել եմ աշխատանքի պարոն Աբրահամյանի հետ եւ նրա հետ էլ պետք է հեռանամ»:
Նշենք, որ նոյեմբերի 14-ին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց իր հրաժարականի մասին: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Լիովին գիտակցելով պատասխանատվությունը ժողովրդի, կուսակցության, նախագահի առջեւ, ներկայացնում եմ հրաժարականի իմ դիմումը: Դուք արդեն գիտեք, որ ես գլխավորելու եմ շտաբը, եւ արդեն հայտարարել եմ, որ վաղաժամ վայր եմ դնելու լիազորությունները: Մեր երկիրը մտնում է հերթական ընտրությունների փուլ, ընտրություններ, որոնց բարձր մակարդակով անցկացնելը բոլորիս եւ առաջին հերթին իշխանությունների պատվի գործն է»: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ խորհրդի նիստում, որին մասնակցել էր նախագահ Սերժ Սարգսյանը, որոշվել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է գլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Ըստ ՀՀԿ աղբյուրների, այդ առաջարկն ստանալով, Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր հրաժարական տալ զբաղվել միայն ընտրական գործընթացներով: Դրանից հետո, հրաժարականի դիմում էր ներկայացրել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով հայտարարել է, որ գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին:




























