Աշխատանքային այցով, նոյեմբերի 14-15-ին, Ժնեւում գտնվող Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրեն Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլեյի, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Գլխավոր տնօրեն Մարգարետ Չենի եւ Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Յան Կուբիշի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում Աշոտ Հովակիմյանը վերահաստատել է Հայաստանի կողմից Ժնեւում ՄԱԿ գրասենյակի Գլխավոր տնօրենի գործունեության օժանդակման, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Պարոն Տոկաեւը ներկայացրել է Ժնեւում ՄԱԿ գրասենյակի միջազգային նշանակության բարձրացմանն ուղղված իր աշխատակազմի գործունեությունը, կարեւորել մշտական ներկայացուցչությունների հետ համագործակցությունը եւ տրամադրվող ծառայությունների բարելավումը: Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը բարձր գնահատեց Հայաստանի ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում:
Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլեյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման բնագավառում հանձնակատարի գրասենյակի հետ Հայաստանի համագործակցության ուղղություններն ու շրջանակները, մասնավորապես Բարձրագույն հանձնակատարը ողջունել է ՀՀ կառավարության կողմից Ընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի իրականացման նպատակով աշխատանքային խմբի ձեւավորման փաստը եւ հայտնեց իր եւ իր գրասենյակի աջակցությունը: Աշոտ Հովակիմյանը կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանության ունիվերսալությունը, այդ թվում նաեւ այն տարածքներում, որոնց կարգավիճակը դեռեւս բանակցությունների առարկա է եւ որտեղ փաստորեն չեն գործում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները: Այդ տարածքներում բնակվող մարդիկ նույնպես ունեն իրավունքներ, որոնց պաշտպանումը պետք է իրականացվի բարձրագույն հանձնակատարի մանդատի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ցեղասպանության կանխարգելման բնագավառում ՀՀ եւ հանձնակատարի գրասենյակի համագործակցությանն առնչվող հարցերը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Մարգարետ Չենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակներում ՀՀ հետ համագործակցությունը: Մարգարետ Չենը ներկայացրել է իր կողմից նախաձեռնված բարեփոխումների փաթեթը, որոնք կոչված են բարձրացնել ԱՀԿ դերը առողջապահության ներկայիս մարտահրավերներին դիմակայելու գործում: Ա. Հովակիմյանը տեղեկացրել է Մարգարետ Չենին Հայաստանի առողջապահության ոլորտում ծրագրավորված բարեփոխումների մասին եւ հրավիրեց Գլխավոր տնօրենին այցելել Հայաստան:
Նոյեմբերի 15-ին կայացել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ Եվրոպական Տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Յան Կուբիշի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:




























