Ազգային Ժողովի ամբիոնից հնչած ոչ բոլոր ելույթներն են արժանի լսելու` դիտարժան եւ լսարժան: Այդ մասին այսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հայտարարությունը կատարվեց այն բանից հետո, երբ լրագրողները փորձեցին իմանալ նրա կարծիքը էներգետիկայի եւ բմնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մասին, ով ԱԺ նիստի ընթացքում iPad 2-ով «շարիկ» էր խաղում: Ա. Աշոտյանը նշեց, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ մեկնաբանել «գործընկերոջ» հետ կապված դեպքը, եւ որ ինքը չի ցանկանում ոչ արդարացնել, ոչ էլ դատապարտել:
Կատակով հնչած այն հարցին, թե արդյոք ինքը ալկոհոլային խմիչք օգտագործո՞ւմ է, Ա. Աշոտյանն ասաց. «Դուք ինձ կարող եք ցույց տալ առողջ հայ տղամարդ, որը մեկ-մեկ չի սիրում խմել», որից հետո լրագրողներին խորհուրդ տվեց սենսացիաներ փնտրել հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքի այլ ոլորտներում:




























