NEWS.am-ը ներկայացնում է Դենիս Քորբոյի, Ուիլյամ Քորթնիի եւ Քենեթ Յալովիցի հոդվածը` հրապարակված «The New York Times»-ում:

Հաջորդ ամիս լրանում է Խորհրդային Միության կործանման 20-ամյա հոբելյանը, ինչը երեք հսկաների` Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի եւ Էդուարդ Շեւարդնաձեի մասին գրելու լավ առիթ է:

Նրանցից յուրաքանչյուրը պատմություն էր կերտում, բայց ընթացավ ոչ ճիշտ ուղիով, երբ հասարակությունները փոխվեցին եւ սպասումները չարդարացվեցին:

Վլադիմիր Պուտինը հաջորդ տարվա մարտին նախագահի պաշտոնը երրորդ անգամ զբաղեցնելուց առաջ պետք է դասեր քաղի նրանց փորձից:

Շեւարդնաձեն, որի հետ յուրաքանչյուրս սերտորեն աշխատել ենք, ցուցադրական օրինակ է հաջողակ ղեկավարումից մինչեւ դժբախտ ավարտ: 1980-ականներին որպես ԽՍՀՄ արտգործնախարար նա օգնում էր Գորբաչովին հասնել պատմական պայմանավորվածությունների սպառազինությունների եւ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման վերաբերյալ: 1989-ին Գորբաչովն ու Շեւարդնաձեն նպաստեցին Բեռլինի պատի խաղաղ անկմանը եւ արեւելաեվրոպական ռեժիմների վերացմանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո, 1991-ին Շեւարդնաձեն վերադարձավ հայրենիք, որպեսզի դառնա անկախ Վրաստանի նախագահ: Նա ավարտեց քաղաքացիական պատերազմը, սակայն չկարողացավ Թբիլիսիի վերահսկողության տակ պահել անջատողական Աբխազիան ու Հարավային Օսիան:

Պուտինը պետք է լավ սերտի այդ դասը: Ստագնացիայի դեմ պայքարում բարեփոխումները հույժ անհրաժեշտ են: 1985-ին, երբ իշխանության եկավ Գորբաչովը կոմունիստական գաղափարախոսությունը կորցրել էր գրավչությունը, իսկ տնտեսությունը ծանր վիճակում էր: Նրա բարեփոխումները տարօրինակ էին, բայց համարձակ: Դրանք շատ թույլ էին Խորհրդային Միությունը պահպանելու համար:

1990-ականներին Շեւարդնաձեն Վրաստանում աճեցրեց երիտասարդ առաջնորդների, որոնք արդար ընտրություններում իրենց վերահսկողության տակ վերցրեցին խորհրդարանը: Շեւարդնաձեն չկարողացավ պատասխանել նրանց նետած մարտահրավերին: 2003-ի կեղծած ընտրություններից հետո նոր սերունդը Շեւարդնաձեին ստիպեց հեռանալ:

Ռուսաստանն այսօր ավելի ազատ է, քան խորհրդային տարիներին, բայց ցինիզմն ու վատատեսությունը լայն տարածում են գտել: Երիտասարդներն ու կապիտալը դուրս են գալիս Ռուսաստանից, իսկ ժողովրդի առողջության եւ ժողովրդագրական ճգնաժամը ճնշում է հասարակությանը: Պուտինը կարող էր թուլացնել լարվածությունը` թույլ տալով արդար ընտրություններ, անկախ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը եւ սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ ազնիվ քննարկումները:

Բարեփոխումները պահանջում են տեսլական եւ վճռականություն: Գորբաչովը սխալմամբ կարծում էր, թե կարող է կարգավորել խորհրդային համակարգը: Ելցինը Ռուսաստանում եւ Շեւարդնաձեն Վրաստանում նահանջեցին բարեփոխումներից, արմատավորված կամ կառումպացված էլիտաների դիմադրության ճնշման տակ:

Պուտինը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում իրական բարեփոխումներին: Նա պաշտպանում է ոչ արդյունավետ խոշոր ձեռնարկությունները, որոնցից շատերը նա երկրորդ անգամ ազգայնացրել եւ միավորել է ոչ ճկուն հսկաների մեջ: Թեեւ Պուտինը որոշակի խրախուսում է արտաքին ներդրումները էներգետիկայում, սակայն Խոդորկովսկու դատավարությունները ցուցադրում են, որ նա հաշվի չի նստում ներդրողների շահերի եւ օրենքի գերակայության հետ:

Շատ կարեւոր են նոր առաջնորդները: Վրաստանում Շեւարդնաձեն չափազանց երկար  կառչեց իշխանությունից` ասելով, թե նոր սերունդը փորձի պակաս ունի: Ելցինը երիտասարդ առաջնորդներին գործողությունների ազատություն տվեց, եւ բարեփոխումները ապագա բարգավաճման խթան եղան: Սակայն Ելցինը նահանջեց կոռումպացված չինովնիկների եւ կայունության ու իշխանության հզորության կոչերի առջեւ:

Պուտինը քամահրանքով վերաբերվեց Վրաստանի եւ Ուկրաինայի գունավոր հեղափոխություններին, սակայն նա բախվելու է նմանատիպ ճնշման, հատկապես, երիասարդ ու կազմակերպված առաջնորդների կողմից: Աճող սպասումները բավարարելու համար նա պետք է խրախուսի ժողովրդավարական արժեքներ ունեցող առաջնորդներին եւ արդիականացնի կառավարումը:

Պուտինը կարող է կորցնել Հյուսիսային Կովկասը: Վրաստանում Շեւարդնաձեն ճարպկորեն հարգանք էր դրսեւորում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ` չեզոքացնելով դաշտային հրամանատարներին: Սակայն նա շատ թույլ էր ծայրահեղ ազգայնականներին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ ագրեսիայից հետ կանգնեցնելու համար:

Պուտինն ավելի բարդ խնդրի է բախվում, քանի որ ահաբեկչությունն ու ապստամբությունները տարածվում են Հյուսիսային Կովկասում: Տարածաշրջանը դուրս է մնում Մոսկվայի վերահսկողության տակից: Պուտինը պետք է երկխոսության ուղիներ գտնի տեղի էթնիկ փոքրամասնությունների, մուսուլմանների հետ եւ լինի առավել ճկուն ու ստեղծագործ: Դաժանությունն ու կաշառքը կրքեր են բորբոքում եւ սպառում են ռեսուրսները: Հյուսիսային Կովկասում սպառնալիքները զսպելու համար Ռուսաստանը նաեւ կարող էր բարելավել հարաբերությունները Վրաստանի հետ:

Պուտինն իր երկրի ամենաժողովրդական առաջնորդն է: Նա առանձնանում է մի քաղաքական մշակույթում, որտեղ գնահատվում է ուժեղ ձեռքը, ազգայնականությունը եւ անկախ գերտերության կարգավիճակը: Բայց Ռուսաստանը նույնպես փոխվում է: Առայժմ թույլ քաղաքացիական հասարակությունը ուժ է հավաքում: Կոռուպցիայի եւ ընտրության բացակայության պատճառով դժգոհությունը աճում է:

Պուտինը վատնում է էներգիան եւ տարակուսանքի մեջ է դնում հարեւաններին` ձգտելով Եվրասիական միության, որը քիչ օգուտ կբերի: Ռուսաստանի հիմնական արտաքինքաղաքական շահերն ու հաճախորդները Եվրոպայում են: Ռուսներին հիացնում է Եվրոպան: Նրանցից շատերը սիրում են ճանապարհորդել Եվրոպայում եւ անշարժ գույք գնել այնտեղ:

Պուտինը կհաջողի նախագահի պաշտոնում, եթե արդյունավետ լուծի Ռուսաստանի հիմնական խնդիրները: Սակայն այս անգամ նա կհանդիպի ավելի բարդ ու պահանջկոտ ընտրողների: Երբ Շեւարդնաձեն այլեւս չէր կարողանում լուծել Վրաստանի խնդիրները, նա տապալվեց: Նույնը կսպառնա նաեւ Պուտինին, եթե նա դասեր չքաղի Շեւարդնաձեւի եւ մյուս հսկաների օրինակից: