ԱՄՆ խաղաղության կորպուսը Վանաձորում «Մարդու իրավունքների այգի» է հիմնելու: Նախաձեռնությունը ԱՄՆ խաղաղության կորպուսինն է, որը Վանաձորում ուսումնասիրություններ է կատարել ու հանգել այն եզրակացության, որ հիմա Հայաստանի բնակիչներն ամենաշատը խնդիրներ ունեն մարդու իրավունքների ոլորտում եւ կարիք ունեն իրավաբանական աջակցության:

Կորպուսի խաղաղասիրական բաժնի համակարգող մասնագետ Արմինե Սադիկյանի խոսքով, ԱՄՆ Խաղաղության կորպուսը սկզբում ուսումնասիրություններ է կատարել, պարզելու համար, թե ինչի կարիք կամ ինչ խնդիրներ ունեն Հայաստանում ապրող քաղաքացիները: «Նրանք պարզել են, որ ամենամեծ խնդիրները մարդու իրավունքներին ու ազատության հարցերին են վերաբերում: Քաղաքացիներն ամենից շատ իրենց իրավունքների պաշտպանության կարիք ունեն»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արմինե Սադիկյանը:

Այգին, ըստ նրա, դառնալու է ազատ խոսքի ամբիոն ու հետո նման այգիների թիվը ԱՄՆ Խաղաղության կորպուսն ավելացնելու է Հայաստանում: Ըստ մասնագետների ուսումնասիրության, Հայաստանում իրավունքի ցանկացած դրսեւորում ոտնահարվում է, սակայն կան ոլորտներ, որտեղ իրավունքի խախտումները ավելի գերակա են: