Հայաստանն իրավական պետություն է, և իրավականությունը պետք է պահպանեն այս իրավապահները. նրանց գլխավոր կոչումը դա է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել դատախազություն, ընդ որում խոսքը Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների մասին է:
«Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարի 12-ին որոշում է ընդունել հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, պետք է մշակվեր հայեցակարգ, նախագիծ, ժամկետներ են նշվել, տապալվել է, մեծ նյութական միջոցներ են հատկացվել, հետո ապրիլ ամսին, ուղղում է կատարել, կրկին տապալվել է:
2022-ի հունվարին որոշում է ընդունվում, որ մինչև հուլիս պետք է լինի հայեցակարգ, իսկ մինչեւ տարեվերջ՝ նախագիծ։
Այս ընթացքում 300 մլն դրամ է տրվել, ոչինչ չի արվել, այդ գումարը քամուն է տրվել։ Քրեական օրենսգրքում կա հոդված ապօրինի աշխատավարձ տալու մասին, սա նաև կոռուպցիոն հանցագործություն է։ Ինչևէ, մանրամասների մեջ չխորանամ, մենք դիմել ենք դատախազություն երկու անգամ, երկու անգամ էլ պատճաշ պատասխան ենք ստացել, որ այն փոխանցվել է քննչական կոմիտե։ Հիմա օրենքի մասին այստեղ բարբաջողները, որ եկան ասեցին՝ դուք դիմում պետք է գրեք, օրենքի՞ց եք խոսում, մեկ ամսվա ընթացքում դուք պետք է պատասխան տայիք»,-ասաց Հայրիկյանը։
Ոստիկանության ներկայացուցիչներից մեկը ընդհատեց Հայրիկյանին, ասաց՝ անհատապես է վիրավորում։
Դիմելով ոստիկաններին՝ Հայրիկյանն ընդգծեց. «Ձեր պարտականությունն է հենց այս պահին ձերբակալել կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանին, արդարադատության նախորդ եւ ներկա նախարարներին»։





























