«ՀայՌուսգազարդ» ընկերությունը «Արտու-գազ» ՍՊԸ-ից մոտ 12 մլն դրամի բռնագանձման պահանջի հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ինչին ի պատասխան, «Արտու-գազ»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «ՀայՌուսգազարդը» խաբել է իրենց:

Այս առնչությամբ, NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանից, ով նշել է հետեւյալը.

«ՀայՌուսգազարդի» հայցադիմումի համար հիմք է հանդիսացել դեռեւս 2011-ի ապրիլի 14-ին «ՀայՌուսգազարդ»-ի դուստր ձեռնարկության` «Ավտոգազ» ՍՊԸ-ի եւ «Արտու-գազ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի կետերի խախտումը վերջինիս կողմից:

Պայմանագրի համաձայն, «Արտու-գազ» ՍՊԸ-ն պարտավորվածություն ուներ 15 գազի լիցքավորման բաշխիչ աշտարակ հանձնել «Ավտոգազ»-ին եւ հանձնելու հետ միաժամանակ տեղադրել դրանք գնորդի, այս դեպքում «Ավտոգազ»-ի կողմից նախանշված ԱԳԼՃԿ-ներում:

Խախտելով պայմանագրի որոշ պահանջներ, «Արտու-գազ» ՍՊԸ-ն չի ապահովել գազի լիցքավորման բաշխիչ աշտարակի կոմպլեկտում ներառված եւ պայամանագրով սահմանված տեխնիկական նկարագրով նախատեսված մի շարք պայմաններ: Բացի այդ, խիստ թերի են կատարվել տեղադրման աշխատանքները, ինչի հետեւանքով «Ավտոգազ» ՍՊԸ-ն ներկայում չի կարողանում ապահովել իր ենթակայության տակ գտնվող գազալիցքավորման կայանների շահագործման նվազագույն պահանջները:

Հաշվի առնելով, որ բանավոր բանակցություններն արդյունք չեն տալիս եւ «Արտու-գազ» ՍՊԸ-ն հրաժարվում է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, «Ավտոգազ» ՍՊԸ-ն պայամագրով նախատեսված իր իրավունքները պաշտպանելու համար դիմել է դատարան:

Դատը նշանակված է նոյեմբերի 22-ին, եւ դատարանում իր դիրքորոշումը, եթե այն իհարկե կա, հիմնավորելու փոխարեն «Արտու-գազ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, գազի փորձագետ ներկայացնող Արթուր Ղազարյանը ինքնապաշտպանության է դիմում իրավիճակը խեղաթյուրելու ճանապարհով` թե «ՀայՌուսգազարդ»-ը խաբել է, քցել, հետո դատի տվել: Եթե Ա. Ղազարյանը տարակուսանքի մեջ է եւ արդեն կասկածի տակ է դնում իր իրավացիությունը` նախատրամադրվածություն ստեղծելով, ապա «ՀայՌուսգազարդ»-ը ավեի քան վստահ է դատարանում պայմանագրով նախատեսված իր իրավունքները պաշտպանելու հարցում: Ավելին, չի բացառվում, որ «ՀայՌուսգազարդ»-ը երկրորդ անգամ դիմի դատարան` այս անգամ Ա. Ղազարյանի կողմից Ընկերության գործարար համբավն ու պատիվը արատավորելու համար»: