Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հերքում է տեղեկությունները, թե համալսարանի ղեկավարությունը չի կատարել դատարանի որոշումը եւ համալսարանից հեռացված 12 դասախոսներին չի վերականգնել աշխատանքի:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Փաստերի իսկությունը վերահաստատելու նպատակով, Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հստակեցնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համալսարանի 12 դասախոսների աշխատանքից ազատման որոշումը չեղյալ հայտարարելու մասին վճիռը հրապարակելուն պես, ՀՖՀՀ-ն անմիջապես ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը:

Համալսարանն, առանց հապաղելու, տվյալ դասախոսներին տրամադրել է ամբողջական փոխհատուցում, նրանց ներգրավել աշխատանքում եւ վերականգնել նրանց իրավունքները, նրանց հանձնարարել է միեւնույն առարկաների դասավանդումը եւ դասաժամերը, ինչ նախկինում` հիմք ընդունելով 2011-2012 ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրերը:

Ինչպես ընդգծեց Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 6-7-ին Երեւան կատարած պետական այցի ընթացքում, ՀՖՀՀ-ն կշարունակի իրագործել իր առաքելությունը, խստորեն պահպանելով բարձրագույն կրթության ֆրանսիական ավանդույթները, ինչը նրա ուժի, հաջողության եւ հեղինակության գրավականն է»: