Ամեն ամառ Գրենլանդիայի սառցե վահանի ողջ տարածքում հսկա վիրուսներ են արթնանում: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրանք կարող են դառնալ հզոր և բնական դաշնակից Արկտիկայում սառույցների անզուսպ հալոցքի դեմ պայքարում:

Microbiome ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ Դանիայի Օրհուսի համալսարանի գիտնականները մանրամասն նկարագրել են հսկա վիրուսների առկայությունը, մասնավորապես՝ նուկլեոցիտոպլազմական մեծ ԴՆԹ վիրուսների (NCLDV) սուպերխմբի (phylum Nucleocytoviricota) առկայությունը, որոնք տարածված են Գրենլանդիայի սառցե վահանում:

Չնայած դրանք անզեն աչքով տեսանելի չեն, սակայն դրանք ավելի մեծ են, քան նույնիսկ շատ բակտերիաներ՝ մոտ 2,5 միկրոմետրով: Այսպիսի չափերով հսկա վիրուսները մոտավորապես 125 անգամ ավելի մեծ են, քան սովորական վիրուսը: Ընդ որում հսկա վիրուսը չի սահմանափակվում միայն իր չափերով. նրա գենոմում պարունակվում է մոտավորապես 2,5 միլիոն տառ: Համեմատության համար, բակտերիաների մոտ դրանք սովորաբար ընդամենը 150,000-ից 200,000 են:

Սակայն այս վիրուսների չափից ավելի կարևոր գործոնը նրանց ախորժակն է, քանի որ դրանք, որպես կանոն, վարակում են ջրիմուռները, որոնց ծաղկումն ամռան ամիսներին հանգեցնում է  Գրենլանդիայի սառցաշերտի որոշ մասերի սևացմանը: Այս սևացած հատվածները նվազեցնում են սառույցի արևի լույսն անդրադարձնելու ունակությունը, ինչը բարդացնում է դրա հալվելը, եզրակացրել են հետազոտողները:

Գիտնականները հսկա վիրուսի մասին գիտեն ընդամենը մոտ 40 տարի։ Առաջին նմուշները հայտնաբերվել են օվկիանոսում 1981 թվականին։ Այդ ժամանակից ի վեր դրանք հայտնաբերվել են ամենատարբեր միջավայրերում (ներառյալ մարդու օրգանիզմը), սակայն նախկինում երբեք չեն հայտնաբերվել կամ ուսումնասիրվել սառցե շերտի վրա: