Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը (IMD) հյուսիսային շրջանների համար շոգի նոր ալիքի պատճառով մինչեւ այս շաբաթվա վերջ հայտարարել է տագնապի կարմիր մակարդակ։ Ինչպես տեղեկացրել է գերատեսչությունը, նախազգուշացումը գործում է Դելիի օկրուգում, Ութար-Փրադեշ, Հարյանա եւ Փենջաբ նահանգներում։

Այդ շրջաններում սպասվում է Ցելսիուսի +45-ից + 46 աստիճան։ Ավելի վաղ այդպիսի նախազգուշացում տարածվել էր Ութարկհանդ, Բիհար եւ Ջարկհանդ նահանգներում։ Բիհարում շոգի եւ բարձր խոնավության պատճառով  վերջին 24 ժամում մահացել է 22 մարդ։

Նյու Դելիում առավելագույն ջերմաստիճանը, ինչպես կանխատեսվում է, կկազմի մոտ 45 աստիճան, 6 աստիճանով նորմից ավելի բարձր հունիսի համար։ Ինչպես նշում է գերատեսչությունը, մայրաքաղաքում, ըստ զգացողությունների, լինելու է 50 աստիճան։

Օդերեւութաբանները Նյու Դելիում շոգի նահանջ կանխատեսում են միայն հունիսի վերջին, անձրեւների եւ մուսոնների սեզոնն սկսվելուց հետո։ IMD-ն օգտագործում է չորս գունային կոդ եղանակի մասին նախազգուշացումների համար՝ կանաչ (փողոցում անվտանգ է), դեղին (պոտենցիալ վտանգ, տեղեկացված եղեք), նարնջագույն (վտանգավոր է, պատրաստ եղեք) եւ կարմիր (առանց անհրաժեշտության դուրս մի եկեք տնից, փողոց դուրս գալիս նախազգուշական միջոցներ ձեռնարկեք)։