Ընդունելության քննությունները հնարավորին չափ հեշտացվելու են, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվելու, որ ընդունելության քննությունները կանխատեսելի ընթացք ունենան: Այս մասին, այսօր` նոյեմբերի 23-ին հրավիրված ասուլիսի ընթացքում, հայտարարեց Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ավելացնելով, որ որոշումը կայացվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցության արդյունքում:
Նրա խոսքով, այդ որոշումը կյանքի կոչելու համար կսկսեն շտեմարաններ հրատարակել, որպեսզի դրանց հիման վրա կազմվեն քննական թեսթերը եւ դրանով իսկ կանխատեսելի դարձնել քննությունները:
«Մեկ տարվա մեջ հնարավոր չէ ամբողջ գործընթացն սկսել: Հետեւաբար` որոշեցինք այս տարի աշխատել մաթեմատիկայի եւ հայոց լեզու, գրականություն առարկաների շտեմարանները ստեղծելու ուղղությամբ: Ավելին` արդեն կա մաթեմատիկա առարկայի շտեմարանի 1-ին մասը: Մաթեմատիկա առարկայի շտեմարանի լույս տեսնելուց անմիջապես հետո լույս կտեսնի եւ արդեն համարյա պատրաստ է հայոց լեզու գրականություն առարկայի շտեմարանի 1-ին մասը»,- տեղեկացրեց Գուրգեն Խաչատրյանը: Նրա խոսքով, շտեմարանները նվազագույնը 5 հազար տպաքանակով էին որոշել հրատարակել, իսկ մաթեմատիկայի պարագայում` շուրջ 6 հազար: Սակայն յուրաքանչյուր տարի նախատեսվում է շտեմարանների ավելացում եւս 10 տոկոսի չափով, ինչի արդյունքում տարիների ընթացքում կունենան մինչեւ 10 հազարի չափով շտեմարաններ:
Ի դեպ, ԳԹԿ-ի կողմից ընդգրկվելու են այն 80 առաջադրանքները, որոնք միասնական քննությունների թեսթում կտրվեն դիմորդներին: Շտեմարանները կտեղադրվեն նաեւ սոցիալական կայքերում, սակայն համապատասխան վաճառքից եւ ինքնարժեքի ծախսերը հոգալուց հետո:
Թեեւ Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ շտեմարանների գինը կառավարությունն է որոշելու, սակայն մոտավոր գինը կտատանվի 2-2.5 հազարի սահմաններում:




























