Նյու Դելիում շարունակվող շոգի սեզոնն ամենաերկարատեւն է 74 տարիների ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է The Times of India պարբերականը։
Շոգի սեզոնը, երբ ջերմաչափերի սյունը ցույց է տալիս 40 աստիճանից բարձր, շարունակվում է արդեն 39 օր։ Այդ ընթացքում օդը ցերեկվա ժամերին ջերմացել է ավելի քան 45 աստիճանով 7 օր շարունակ, ինչը նաեւ նոր ռեկորդ է քաղաքի համար։ 49,9 աստիճան ռեկորդային նիշը գրանցվել է հնդիկ օդերեւութաբանների կողմից մայիսի 28-ին մայրաքաղաքի հյուսիսարեւմտյան Մանգեշփուր եւ Նարելա արվարձաններում։
Թերթն ուսումնասիրել է Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտի ամսագրի գրառումները՝ պարզելով, որ 1951-ից, երբ այն սկսել են վարել, նման երկարատեւ շոգ, ինչպես 2024-ին է, Նյու Դելիում երեք քառորդ դար չի եղել։ Մինչ այդ 32 օր շարունակ շոգ է եղել 1978թ.՝ մայիսի 9-ից մինչեւ հունիսի 10-ը, 27 օր 1984թ.՝ մայիսի 13-ից մինչեւ հունիսի 8-ը եւ 27 օր 1998թ.։
Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտի ղեկավար Մրությունջայ Մոհափատրայի խոսքով՝ այս տարի անոմալ շոգի հանգեցրել են միանգամից երեք-չորս գործոններ։ «Նախ՝ սա տարին է Էլ-Նինյո [երեւույթից] հետո, երբ ամառը Հնդկաստանում սովորաբար դաժան է լինում։ Երկրորդ՝ արեւմուտքից եղանակի վրա ոչ մի ազդեցություն չի եղել մայիսի կեսից մինչեւ հունիսի 18-ը։ Դա նշանակում է տեղումների բացակայություն ավելի քան մեկ ամիս, ինչը հանգեցրել է ջերմության կուտակման»,-ասել է նա։
«Երրորդ՝ մուսոնները թաքնվել են։ Նրանք նորից սկսել են զարգանալ, բայց դեռ չեն հասել Հնդկաստանի հյուսիս-արեւմուտք։ Այս գործոնները միասին հանգեցրել են ծայրահեղ ջերմաստիճանների առնվազն վերջին ամսվա ընթացքում»,- նշել է Մոհափատրան։




























