Մրրկասյունը Կախեթի երկրամասում (Վրաստանի արեւելք) վնասել է XI դարի Ալավերդի վանական համալիրը։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը, հայտնել է «Эхо Кавказа»-ն։
Մի քանի րոպեում մրրկասյունը վնասել է համալիրի տաճարի գմբեթը եւ մեկ այլ ենթակառուցվածք։ Քամին շրջել է կողքին կայանած մեքենան։ Տեղում աշխատում են մասնագետները, որոնք վերացնում են աղետի հետեւանքները։
Ինչպես տեղեկացրել են գործակալությունում, մրրկասյունը վնաս է պատճառել վանական համալիրին։ «Տարերքի հետեւանքով պոկվել է գմբեթի թիթեղե տանիքը, կոտրվել են տաճարի արեւմտյան մասի ապակիներն ու գմբեթները, վնասվել են ժամատան թիթեղե տանիքն ու եպիսկոպոսի նստավայրի տանիքը, փլուզվել է պատշգամբը, գմբեթից ընկել է խաչը»,- նշվել է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարությունում։
Ներկայում որոշվում է վնասի չափը, եւ առաջիկա օրերին տեղի թեմի եւ միտրոպոլիտ, Ալավերդիի աբբա Դավիթի հետ միասին կկազմվի վնասի վերացման պլան»,- նշվել է գործակալության հայտարարությունում։




























