Փաստաբան Կարեն Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ դեռ 2023-ի ամռանը իր պաշտպանյալի եւ իր նկատմամբ ոստիկանության բաժնում կիրառված բռնությանը եւ դրան հաջորդած դեպքերին:

«Դեպքի վայրում եղել են պարեկային ծառայության 4 աշխատակիցներ, որոնց ամրացված բոլոր տեսախցիկները «պատահաբար» անջատվել են՝ պատճառաբանելով, թե լիցքաթափվել են:  Դրանք չեն կարող լիցքաթափվել: Չկա որեւէ մարդ, որ այս փաստարկին կհավատա: Բնականաբար, այս ամենը կատարվել է ապացույցները ոչնչացնելու միտումով: Չեն կատարվել նաեւ անհրաժեշտ գործողություններ ֆիքսելու համար, թե պաշտպանյալս ինչ վիճակով է մուտք գործել ձերբակալման պահման վայր: Խոսքը մարմնական վնասվածքների մասին է:

Խոշտանգումը շատ նուրբ քննության մեթոդիկա ունի, եթե դեպքին հաջորդող կարճ ժամանակահատվածում ապացույցները չեն ամրագրվում, տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված այդ ապացույցները հավաքելը լուրջ խնդիրներ է առաջացնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2023-ի հունիսին դատարանում միջադեպ է եղել Կարեն Ալավերդյանի  պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև։ Ոստիկաններն իր պաշտպանյալին են մոտոցել, երբ իրավիճակն արդեն հարթված էր, և առանց հիմքեր ներկայացնելու նրան բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Փաստաբանը գնացել է նրանց հետևից։

«Բացեցի աշխատասենյակի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ ձեռնաշղթաները հետևից ամրացված, բերանի վրա գետնին ընկած, և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ են հասցնում նրա գլխի, մարմնի տարբեր հատվածներին», – պատմել է փաստաբանը։

Ոստիկանները պահանջել են, որ փաստաբանը հեռանա բաժնից, նա էլ հրաժարվել է։ Ի վերջո՝ նրան էլ են ծեծել և ձերբակալել։ Փաստաբանին, խուզարկել են, որը օրենքով արգելված է, ձեռնաշղթա են կիրառել նրա նկատմամբ ու արցունքաբեր գազ, ընդ որում՝ ձեռնաշղթա հագցնելուց հետո:

Ծեծի ժամանակ պարեկներից ոչ մեկի վրա տեսախցիկ չի եղել: Երբ փաստաբանը հարցրել է, թե ուր են հագուստին ամրակցվող սարքերը, խոշտանգման մասնակիցները պատասխանել են, թե դրանք լիցքավորվում են։

Կարեն Ալավերդյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, քրեական գործ է հարուցվել ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգումը։