Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի ամենահարուստ 50 մարդկանց ամենամյա ռեյթինգը 2023թ. ստացած դիվիդենդների գծով, այն գլխավորել է «Լուկօյլի» հիմնական բաժնետեր Վագիթ Ալեքպերովը, որի դիվիդենդային եկամուտը գնահատվում է 177,4 մլրդ ռուբլի։ Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում։
«Ռեյթինգի առաջատարը նորից դարձել է «Լուկօյլ» նավթային ընկերության համասեփականատեր Վագիթ Ալեքպերովը։ Այս տարի Ալեքպերովը առաջին անգամ դարձել է նաեւ ամենահարուստ ռուսաստանցիների առաջատարը ունեցվածքի չափով»,- տեղեկացվել է հաղորդագրությունում։
Forbes-ում հիշեցրել են, որ «Լուկօյլը» դարձել է սակավաթիվ խոշոր ռուսական ընկերություններից մեկը, որը դիվիդենդներ է վճարել ինչպես 2022թ., այնպես էլ 2023թ.։
Ռեյթինգում երկրորդը «Նովատեկ» գազային ընկերության բաժնետեր Լեոնիդ Միխելսոնն է, որի դիվիդենդային եկամուտը, պարբերականի գնահատմամբ, կազմել է 105 մլրդ ռուբլի։ Եռյակը եզրափակում է «Սիբուր հոլդինգ» քիմիական արտադրողի բաժնետեր Գենադի Տիմչենկոն։ Աշխարհամասային հոկեյի լիգայի տնօրենների խորհրդի նախագահի դիվիդենդային եկամուտը գնահատվում է 84,6 մլրդ ռուբլի։
Չորրորդ եւ հինգերորդ տեղերում են «USM»-ի եւ «Ֆարմստանդարտ»-ի հիմնադիրներ Ալիշեր Ուսմանովը եւ Վիկտոր Խարիտոնինը։ Նրանք ստացել են 79,9 մլրդ ռուբլու չափով եւ 77,6 մլրդ ռուբլու չափով դիվիդենդային եկամուտ համապատասխանաբար։
Թոփ-10-ում տեղ են գտել նաեւ Լեոնիդ Ֆեդունը (57,1 մլրդ ռուբլի), Ալեքսեյ Տայչերը (51,5 մլրդ), Անդրեյ Սկոչը եւ նրա ընտանիքը (48,9 մլրդ), Անդրեյ Գուրյեւը եւ ընտանիքը (45,8 մլրդ), ինչպես նաեւ Վլադիսլավ Սվիբլովը (36,2 մլրդ)։ 45-րդ տեղում «Ինսայթ» ներդրումային խմբի գլխավոր տնօրեն Ավետ Միրաքյանն է։





























