Հայաստանի կառավարության այսօրվա` նոյեմբերի 24-ի նիստում վիճեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Ա. Ալավերդյանը հարց ներկայացրեց բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպություններից մեկի համար Հայաստան ներմուծված մեքենասարքավորումների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգելլու մասին: Խոսք է գնում մասնավորապես Սեւանա լիճը մաքրող ֆիննական «Վոթերմաստեր կլասիկ 3» մեքենայի մասին: Թվում է, թե այստեղ ոչ մի արտառոց բան չկա, այդ մեքենան ու մյուս տեխնիկան իսկապես լուրջ աշխատանքներ է իրականացնում Սեւանա լճում:
Սակայն խնդիրն այն է, որ մաքսային ռեժիմի երկարացման մասին որոշումները, որպես կանոն, կառավարություն է ներկայացնում էկոնոմիկայի նախարարությունը: Բացի այդ`կառավարության պաշտոնական կայքէջում նշված է, որ հարցը պետք է ներկայացնի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, չգիտես ինչու, ձայն տվեց ՊԵԿ նախագահի տեղակալին:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի եւ ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանի միջեւ կառավարության նիստում տեղի ունեցավ հետեւյալ «երկխոսությունը».
Տ. Դավթյան. Պարոն վարչապետ, առանց էկոնոմիկայի նախարարության կարծիքի է, որը կարծում եմ` ընդունելի չէ: Ժամանակավոր ներմուծումներում պետք է էկոնոմիկայի նախարարության կարծիքը լինի...
Տ. Սարգսյան. Նախարարական կոմիտեով չի անցե՞լ...
Ա. Ալավերդյան. Նախագիծն անցել է ֆինանսատնտեսական կոմիտեում, ներկայացրել է բնապահպանության նախարարը, ներկա է եղել էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, որը տվել է 100 տոկոս համաձայնություն; Հիմա կառավարության նիստում նորից հնչեցնել, կարծում եմ...
Տ. Դավթյան. Կառավարության կարգի համաձայն, պետք է ներկայացներ էկոնոմիկայի նախարարությունը, երկրորդ` էկոնոմիկայի նախարարության կարծիքը պարտադիր է:




























