Հայաստանին Եվրամիությունը սպասում է այնքանով, որքանով, որ Հայաստանը կմասնակցի հակառուսական գլոբալ քաղաքական գործընթացներին: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ խոսելով այն մասին, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիայում հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է Եվրամիության մաս լինել, և ապագայում այդ հարցով տեղի կունենա հանրաքվե:
«Այդ հայտարարություններն ունեն շատ լուրջ քաղաքական ենթատեքստ. դա արևմուտքի բազմակողմանի աջակցությունն է Հայաստանին՝ ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու համար: Դա քանի գնում, ավելի ուժեղանում և ավելի մեծ տոնայնություն է ստանում, որովհետև արևմուտքի քաղաքականությունը Վրաստանում գահավիժում է, և տասնյակ տարիներ Վրաստանի ուղղությամբ կիրառված ջանքերը, ծախսերը, միլիարդները ջուրն են լցվում: Վրաստանը շատ հանգիստ և հաստատուն քայլերով դուրս է գալիս արևմտյան ազդեցության գոտուց: Այս պարագայում հարավային Կովկասում Հայաստանի տեսակարար կշիռը արևմուտքի համար ոտնատեղ և ազդեցության գոտի ունենալու համար քանի գնում մեծանում է: Իհարկե, դեռևս կլինեն մարտեր Վրաստանի համար՝ հատկապես նոր ընտրությունների ժամանակ, բայց դա այլ հարց է: Հայաստանը դեպի արևմտյան ազդեցության գոտի, հակառուսական ազդեցության գոտի տանելու ցանկությունը արևմուտքի համար մեծ է»,-ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, Հայաստանը Եվրամիություն տանելը այս պարագայում, այսպիսի տնտեսական զարգացման մակարդակով, այսպիսի քաղաքական հաստատություններով և քաղաքական համակարգի զարգացման մակարդակով շատ անհավանական է, և ինքը նման հեռանկար չի էլ տեսնում:
«Գործընթացից լավատեղյակ մարդկանցից ոչ մեկ չի տեսնում Եվրամիության անդամ դառնալու հեռանկար: Բայց դա չէ կարևորը, կարևորը շարժում առաջացնելն է, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը նպաստելն է, ռուսական ազդեցության չեզոքացումը: Դա անելու համար ամենահարմար սոուսը Հայաստանին Եվրամիության անդամակցության ակցիաներին մասնակից դարձնելն է, իսկ այդպիսի ակցիաներից մեկն էլ կարող է լինել հանրաքվեն: Արևմուտք-Ռուսաստան «3-րդ համաշխարհային պատերազմի» բախման ամենալուրջ և ամենաճակատագրական տարում շատ կարևոր է հետխորհրդային տարածքից որքան հնարավոր է ավելի շատ երկրներ պոկել ռուսական ազդեցությունից: Սա շատ հասկանալի իրողություն է: Իսկ արդյո՞ք կարող է Հայաստանը նման հանրաքվեներով կամ միջոցառումներով դառնալ Եվրամիության անդամ: Իհարկե, ոչ»,-հավելեց նա:
Հարցին, թե արյդո՞ք Եվրամիությունում սպասում են Հայաստանին, Գարիկ Քեռյանը պատասխանեց.
«Հարցի պատասխանը շատ հստակ տալիս է Վրաստանի օրինակը: 10-15 տարի Վրաստանին հորդորում էին, վստահեցնում, համոզում, որ իրեն սպասում են: Արդյունքում արևմուտքը սկսեց իմպերատիվ պահանջել, որ Վրաստանը միանա հակառուսական պատժամիջոցներին և դառնա երկրորդ Ուկրաինան: Վրացական քաղաքական էլիտան հրաժարվեց այդ ուղուց, բնականաբար սկսվեցին հակադարձ գործողությունները: Հայաստանին Եվրամիությունը սպասում է այնքանով, որքանով որ Հայաստանը կմասնակցի հակառուսական գլոբալ քաղաքական գործընթացներին: Իհարկե, հիմնականն այստեղ այն է, որ Հայաստանից դուրս բերվի 102-րդ ռազմաբազան, սահմանից հեռացվեն ռուսական սահմանապահները, և Հայաստանը արգելակի ֆինանսական-տնտեսական գործընթացները, որոնք հիմա կատարվում են՝ շրջանցելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»:
Քաղաքագետի կարծիքով, եթե նույնիսկ Եվրամիությունը անկեղծ է, և սպասում է Հայաստանին, այդ գործընթացը տևում է 15-20 տարի: Նա նշեց, որ Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտը ներկայացրել էր և այդ գործընթացի մեջ է 1987 թվականից: Մինչև հիմա ոչ մի քայլ առաջ չի գնացել, բացառությամբ ասոցացման պայմանագիր ստորագրելուն:
«Բայց ներկա քաղաքական իրողությունները այնքան արագ տեմպերով են զարգանում, որ մենք չգիտենք, թե մեկ ամիս անց ինչ աշխարհաքաղաքական իրողություններ տեղի կունենան, ինչպես կարող ենք մտնել մի գործընթացի մեջ, որի ավարտը լինելու է 15-20 տարի հետո : Մենք չգիտենք, թե Ռուսատանը ինչ արդյունքներով դուրս կգա ռուս-ուկրաինական պատերազմից, ինչ պատասխան կտա բոլոր այն երկրներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել հակառուսական արշավների մեջ: Եվ հակառակը, եթե Ռուսաստանը պարտվի, և սկսվեն հակառուսական գործընթացներ, մենք չգիտենք, թե հարավային Կովկասում ուժային ի՞նչ հարաբերակցություն կլինի, և արդյո՞ք Թուրքիա-Ադրբեջան տանդեմը չի գերակայի, և դրանից բխող ի՞նչ գործողություններ կարող են լինել: Ես գտնում եմ, որ քաղաքական արշավը, որ իրականացվում է Եվրամիությանը անդամակցելու հանրաքվեի շուրջ, ունի ոչ թե Հայաստանին Եվրամիության տանելու նպատակ, այլ ուրիշ նպատակներ է»,-ասաց Գարիկ Քեռյանը:
Քաղաքագետի խոսքով, մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ Հայաստանը Եվրամիություն տանող շարժումը կարող է բացասաբար ընդունվել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ հարևանների կողմից: Մասնավորապես Իրանը, որը պատժամիջոցների է ենթարկվում Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից, և տարածաշրջանում թիվ մեկ հակաարևմտյան պետությունն է, բազմիցս հայտարարություն է արել, որ արտատարածաշրջանային ուժերի մուտքը տարածաշրջան, Իրանը ընդունելու է բացասաբար և պայքարելու է դրա դեմ:
«Մենք մոռանում ենք այն հանգամանքը, որ ամեն դեպքում, Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ազդեցության թուլացումից հետո մեր անվտանգության ամենամոտ երաշխավորը կարող է լինել Իրանը: Մենք պետք է ոչ թե հեռուներին նայենք, այլ լուսնից իջնենք երկրի վրա, նայենք մեր հարևաններին, փորձենք հենց այստեղ ՝ նրանց հետ հարաբերություններում կարգավորել մեր տնտեսական և անվտանգային խնդիրները: Ես՝ որպես մասնագետ, գտնում եմ, որ ավելի ճիշտ է մենք աշխատենք 3+3 ձևաչափի ամրապնդման վրա, քան նետվենք անիրականանալի և վտանգավոր գործընթացների մեջ, որոնք մեզ ոչ մի լավ բան չեն խոստանում»:



























