Երբ նոր վայր ենք գալիս՝ հեռու մեր տնից, մեր մշակույթից, առաջինը, որ նկատում ենք, տարբերություններն են: Առաջին բանը, որ նկատում ես Հայաստան ճանապարհորդելիս, այբուբենն է։ Այստեղ խոսում են հնդեվրոպական ծագում ունեցող լեզով, որն այլ լեզուների հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Դրա մասին գրում է Vanity Fair Italy իտալական պարբերականը։
«36 տառերից բաղկացած այբուբենը, որին հետագա դարերում ավելացվել են ևս 3-ը, 405 թվականին ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը և հնչյունների առումով այն թվում է ամենալիարժեքներից մեկը, ուստի հայերի համար օտար լեզուներ սովորելն անչափ հեշտ է։ Միևնույն ժամանակ, շատերը Հայաստանում խոսում են այլ լեզուներով՝ ռուսերեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ նույնիսկ իտալերեն: Դպրոցական առաջին 3 տարիներին երեխաները 3 այբուբեն են սովորում՝ հայերեն, կիրիլիցա և լատիներեն։
Հայաստանը Կովկասում է՝ տարածք, որն աշխարհագրորեն բաժանում է Եվրոպան և Ասիան, բայց միևնույն ժամանակ միավորում է դրանք։
Երկիրը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Ներկայում Հայաստանն Իրանի կարևորագույն դաշնակիցն է։
Թուրքիան 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատասխանատուն է, իսկ Ադրբեջանը տարիներ շարունակ հակամարտում է Լեռնային Ղարաբաղի համար, և 2020 թվականի պատերազմից հետո, որի ժամանակ հազարավոր հայ երիտասարդներ են զոհվել, և 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո վերահսկողության տակ են վերցրել Ղարաբաղի (Արցախ) վերջին հատվածը։ Դրա հետևանքով ավելի քան հարյուր հազար հայեր ամբողջ աշխարհի լռության պայմաններում ստիպված եղան լքել իրենց տները։
Մեկ շաբաթ ճամփորդելը թերևս չի բավարարի այս երկրին վերաբերող բոլոր պատմական դրվագներից գլուխ հանելու համար, սակայն, իհարկե, նրա ժողովրդի մասին պատկերացում կազմելու համար լիովին բավական է:
Հայաստանը հայտնի է որպես քրիստոնեության բնօրրան, քանի որ այն առաջին երկիրն էր, որը ներկայացրեց քրիստոնեությունը որպես կրոն։ Կրոնի հետ կապն անչափ ամուր է։
Հայաստանում Արևելքն ու Արևմուտքը միախառնվում են։ Սա ապահով երկիր է, հարուստ պատմությամբ և ավանդույթներով, բայց դեռ քիչ է ուսումնասիրված զբոսաշրջիկների կողմից, և այժմ այն բացահայտելու ժամանակն է: Ուղևորության մյուս անակնկալը հայկական խոհանոցն է:
Երևանում կարելի է սնվել միջին և բարձր մակարդակի բազմաթիվ ռեստորաններում, իսկ մայրաքաղաքից դուրս, փոքր գյուղերում՝ նաև գերազանց որակի սնոուր կերակուր սկսվում է լավաշով (ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում):
Հայկական խաղողագործությունն աշխարհում հնագույններից է, և գինեգործության սիրահարների համար բազմաթիվ հնարավորություններ են բացվում։ Ուղևորությունը դեպի Հայաստան շատ ուշագրավ է, իսկ նրա ժողովրդի հյուրընկալությունն այն անմոռանալի է դարձնում»,- գրում է իտալական պարբերականը։



























