Քենիայում այս շաբաթ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 30 մարդ, ցույցերը պայմանավորված են հարկերը բարձրացելու կառավարության մտադրության հետ, տեղեկացրել է իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը։

«Քենիայի անվտանգության ուժերը կրակ են բացել հենց ցուցարարների վրա երեքշաբթի, 2024թ. հունիսի 25-ին, նաեւ նրանց վրա, ովքեր փորձում էին փախչել»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։

«Թեեւ Նայրոբիում եւ այլ քաղաքներում զոհերի ստույգ թիվը հաստատված չէ, Human Rights Watch-ը պարզել է, որ այդ օրը սպանվել է 30 մարդ՝ հենվելով հասանելի տվյալների վրա՝ ստացված հիվանդանոցներից եւ դիահերձարաններից»,- նշել են Human Rights Watch-ում։

«Կրակել են հենց ամբոխի վրա՝ առանց որեւէ հիմնավորման, այդ թվում երբ ցուցարարները փորձում էին փախչել, ինչն անընդունելի է քենիական եւ միջազգային իրավունքի տեսակետից»,- հայտնել է Human Rights Watch-ի Աֆրիկայի գծով տնօրենի օգնական Օցիենո Նամվայան։

«Քենիայի իշխանությունները պետք է հստակ հասկացնեն իրենց ուժերին, որ նրանք պետք է պաշտպանեն խաղաղ ցուցարարներին, եւ որ ոստիկանների անպատժելիությունը այլեւս հանդուրժելի լինել չի կարող»,- ավելացրել է նա։

Խաղաղ ցույցերը Քենիայում վերածվել են բռնության երեքշաբթի, երբ օրենսդիրները ընդունել են հարկերի բարձրացման օրենք Արժույթի միջազգային հիմնադրամի ճնշման տակ։

Դրանից հետո ամբոխը ներխուժել է խորհրդարանական համալիր, սկսվել է հրդեհ, սա աննախադեպ բախում էր երկրի պատմության մեջ Մեծ Բրիտանիայից 1963թ. երկրի ձեռք բերած անկախությունից ի վեր։ Երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոյի վարչակազմը  ի վերջո հետ է կանչել օրինագիծը։