Կիրակի օրն ամբողջ աշխարհում ֆրանսիացի ընտրողները մասնակցում են խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին, որը կարող է Ֆրանսիայի կառավարությունը հանձնել ազգայնական, ծայրահեղ աջ ուժերի ձեռքը, գրում է AP-ն։

Ազգային ժողովը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, 577 տեղ ունի։

Իրենց ընտրատարածքներում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուներն ընտրվում են առաջին փուլում։ Որպես կանոն, ոչ մի թեկնածու չի համապատասխանում այս չափանիշներին, և անցկացվում է երկրորդ փուլը, որը նախատեսված է հուլիսի 7-ին:

Երկրորդ փուլին մասնակցելու համար թեկնածուները պետք է առաջին փուլում ստանան գրանցված ընտրողների առնվազն 12,5%-ի քվեն։

Նախորդ ընտրություններում Մակրոնի կուսակցությունը ստացել էր ընդամենը 250 մանդատ, մինչդեռ բացարձակ մեծամասնություն ունենալու համար պահանջվում է 289-ը։

Ընտրությունների արդյունքը կարող է ազդել եվրոպական ֆինանսական շուկաների, Ուկրաինային արևմուտքի աջակցության և Ֆրանսիայի միջուկային զինանոցի և գլոբալ զինված ուժերի կառավարման վրա: Ֆրանսիացի բազմաթիվ ընտրողներ հիասթափված են արժեզրկումից և տնտեսական խնդիրներից, ինչպես նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարումից:

Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթի դեմ, օգտագործել և թեժացրել է այս դժգոհությունը, մասնավորապես, առցանց հարթակների միջոցով, ինչպիսին է TikTok-ը, և գերիշխում է նախընտրական բոլոր հարցումներում: Ձախակողմյան նոր կոալիցիան՝ «Ժողովրդական նոր ճակատը», նույնպես մարտահրավեր է նետում Մակրոնին և նրա «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքին:

Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում քվեարկությունը ժամկետից շուտ է սկսվել, իսկ Ֆրանսիայի մայրցամաքային մասում ընտրատեղամասերը բացվել են կիրակի առավոտյան ժամը 8-ին (06։00 GMT):

Քվեարկության առաջին արդյունքները սպասվում են ժամը 20:00-ին (18։00 GMT), երբ կփակվեն վերջին ընտրատեղամասերը, իսկ առաջին պաշտոնական արդյունքներն ակնկալվում են ավելի ուշ՝ կիրակի երեկոյան:

Մակրոնը արտահերթ ընտրություններ նշանակեց հունիսին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում «Ազգային միավորմանը»  իր կուսակցության պարտվելուց հետո։

Հարցումները ցույց են տալիս, որ «Ազգային միավորումը» աջակցություն է հավաքում և հնարավորություն ունի խորհրդարանական մեծամասնություն ստանալ: Ակնկալվում է, որ նման սցենարի դեպքում Մակրոնը «Ազգային միավորման» 28-ամյա նախագահ Ջորդան Բարդելային կնշանակի վարչապետ՝ իշխանության բաժանման անհարմար համակարգի շրջանակում, որը հայտնի է «համակեցություն» անվանմամբ:

Թեև Մակրոնը հայտարարել է, որ չի հեռանա իր պաշտոնից մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2027 թվականը, սակայն «համակեցությունը» կթուլացնի նրան ինչպես տանը, այնպես էլ համաշխարհային ասպարեզում, նշում են լրատվամիջոցները։