Հույն հրշեջներին կիրակի օրը հաջողվել է տեղայնացնել անտառային հրդեհը, որն ամբողջ գիշեր անվերահսկելիորեն մոլեգնում էր Էգեյան ծովի Սերիֆոս կղզում՝ վնասելով տները և հանգեցնելով մի քանի գյուղերի տարհանմանը, հայտնում է Reuters-ը:
Տասնյակ հրշեջներ՝ 15 հրշեջ մեքենայով, ջրցան ուղղաթիռով պայքարել են կրակի դեմ: Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը ցածր բուսականության մեջ և արագ տարածվել՝ ուժեղ քամու հետևանքով, հայտնել են հրշեջ ծառայությունից: Անտառային հրդեհը, որն ինչ-որ պահի 15 կիլոմետր տարածք է ընդգրկել, վնասել է հանգստյան տներն ու պահեստները, հունական հեռուստատեսությանն է հայտնել կղզու քաղաքապետ Կոստաս Ռեվինտիսը։
Շոգ և քամոտ պայմանների պատճառով շաբաթ օրը տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվել երկրի մեծ մասում, և իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել հեռու մնալ անտառապատ տարածքներից: Աթենքի մերձակայքում գտնվող անտառապատ լեռնային գոտում մոլեգնող հրդեհը կիրակի առավոտյան արդեն հանդարտվել էր, սակայն մոտ 160 հրշեջ դեռ պայքարում է դրա դեմ, հայտնում են պաշտոնյաները:
Օդերևութաբանները նշում են, որ ուժեղ քամին չի դադարի մինչև կիրակի երեկո:





























