Թուրքիան միաձայն հանվել է Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) գորշ ցուցակից։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը։
«Ոչ մի երկիր չի առարկել։ Թուրքիան FATF գորշ ցուցակից հանելու որոշումն ընդունվել է միաձայն»,- տեղեկացրել է Շիմշեքը Haberturk հեռուստաալիքի եթերում։
Նրա կարծիքով, Թուրքիան գորշ ցուցակից հանելը կնպաստի օտարերկրյա կապիտալի ներհոսքին հանրապետություն, նրա ներդրումային մթնոլորտի բարելավմանը։
Սինգապուրում հունիսի 26-28-ին կայացած FATF լիագումար նիստում ընդունվել է որոշում Թուրքիան կազմակերպության գորշ ցուցակից հանելու մասին։ FATF ղեկավար Ռաջա Կումարը փետրվարին տեղեկացրել էր, որ Թուրքիան ցուցակից բացառելու վերջնական որոշման համար կպահանջվի արտագնա ստուգում։ 2019թ. քննության արդյունքներով FATF-ը էական թերություններ էր հայտնաբերել Թուրքիայում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցում, եւ որոշվել էր ժամանակ տալ դրանք շտկելու համար։ 2021թ. կազմակերպությունը երկրորդ անգամ ստուգում է իրականացրել, բայց նորից թերություններ է հայտնաբերել, որոնք կարող էին սպառնալիք պարունակել միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականության համար։ Այդ ժամանակ էլ FATF-ը Թուրքիան մտցրել է գորշ ցուցակ, որը ենթադրում է ուժեղացված մոնիթորինգ կազմակերպության կողմից։
FATF-ը ստեղծվել է 1989թ. եւ միջկառավարական կազմակերպություն է, որն զբաղվում է համաշխարհային չափորոշիչների մշակմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաեւ իրականացնում է այդ չափորոշիչներին ազգային համակարգերի համապատասխանության գնահատում։ Թուրքիան կազմակերպությանը միացել է 1991թ.։





























