Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հերքել է տեղեկություններն այն մասին, ոչ Կիեւն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Բելառուսի հետ սահմանին՝ դրանք անվանելով «տեղեկատվական գործողության հերթական փուլ», որն իրականացնում է Մինսկը Մոսկվայի աջակցությամբ։
Մինսկն անցած շաբաթ հայտնել է, որ Կիեւն ավելացնում է ռազմական ներկայությունը Ուկրաինա-բելառուսական սահմանի երկայնքով։ Երկուշաբթի Կրեմլը հայտնել է, որ այդ հայտարարությունը անհանգստություն է առաջացնում։
«Բելառուսն արդեն առաջին անգամ չէ, որ տեղեկություն է ներկայացնում այն մասին, որ Ուկրաինան սպառնալիք է ներկայացնում եւ ամրանում է... Դա տեղեկատվական գործողության հերթական մասն է, որն իրականացնում է Բելառուսը Ռուսաստանի աջակցությամբ»,- ուկրաինական ազգային հեռուստատեսությանը հայտնել է սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Անդրեյ Դեմչենկոն։
Դեմչենկոն ընդգծել է, որ նման հայտարարություններ առաջին անգամ չէ, որ հնչում են։ Նա նշել է, որ հունիսի 21-ից Մինսկը իրականացնում է իր զինվորական ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ստուգում, ուստի դա կարող է լինել «բաղադրիչներից մեկը, որպեսզի պատասխանատվությունը դրվի Ուկրաինայի վրա»։
Բելառուսի հետ սահմանային շրջանը մնում է «սպառնալից», եւ Ուկրաինան այնտեղ պահում է անհրաժեշտ քանակությամբ ուժեր ցանկացած սադրանք կանխելու համար, ավելացրել է նա։
Անցած շաբաթ Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեում հայտնել են, որ Ժիտոմիրի մարզում ուկրաինացի սահմանապահների պատասխանատվության գոտում ռուսական կամավոր կորպուսի ստորաբաժանումները իբր իրականացնում են հետախուզում, այդ թվում «Բելառուսի Հանրապետության պետական սահման ելքով»։
Բելառուսի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ «Պոլոնեզ» համակարգը լրիվ կոմպլեկտավորմամբ սահմանին հանվել է մարտական հերթապահության՝ «ուկրաինական սպառնալիքից» պաշտպանվելու համար։





























