Մարիա անունով հումանոիդներից մեկի վերջին վերլուծությունը ցույց է տվել, որ այն կենսաբանական նմանություններ ունի մարդկանց հետ, սակայն բազմաթիվ կազմաբանական և անատոմիական կառուցվածքային տարբերություններով: Պարզվել է, որ մումիֆիկացված հումանոիդի երկարավուն գանգն արհեստական ​​ ձևախախտման նշաններ չի երևում։ Գիտնականներին հաջողվել է պարզել նաև, որ մումիան ստեղծվել է 240 և 383 թվականների միջակայքում, գրում է Daily Mail-ը։

Մարիա մականունով մումիան 2017 թվականին Պերուի հարավի Նասկա քաղաքի դամբարանում հայտնաբերված վեց մումիաներից մեկն էր, գրում է Ֆոուսը։ Լրագրող և ուֆոլոգ Խայմե Մաուսանը գտել է այս մումիաներն ու հայտարարել, որ դրանք այլմոլորակային ծագում ունեն և որ դրանք ժամանակին Երկրի վրա ապրած արարածներ են։ Շատ գիտնականներ հայտարարել են, որ այս մումիաներն իրականում խաբեություններ են և նրանց ձևափոխել են դամբարանների կողոպտիչները: 2018 թվականին գիտնականները ԴՆԹ-ի նմուշների և այլ նյութերի հետազոտությունների հիման վրա եկան այն եզրակացության, որ այդ մումիաները մարդկանց են պատկանում։

Բայց այս հայտարարությունները չխանգարեցին Մաուսանին և մյուս գիտնականներին և նրանք շարունակեցին հումանոիդների հետագա ուսումնասիրությունները: Վերջին հետազոտությունն անցկացրել են Պերուի գիտնականները։ Վերջիններս պարզել են, որ մումիան մազեր ու արտաքին ականջներ չի ունեցել, այսինքն՝ եղել են միայն ականջի խողովակների բացվածքներ։ Պարզվել է նաև, որ գանգի երկարացումն արհեստական եղանակով չի ստեղծվել։ Գիտնականները ենթադրում են, որ գանգն ի սկզբանե նման ձև է ունեցել: Ընդ որում, գանգի ծավալը մարդու գանգից 30%-ով ավելի մեծ է։

Հումանոիդի սքանավորումը ցույց է տվել, որ նա ուներ ուռած աչքեր և դուրս ցցված վերին և ստորին ծնոտներ: Մարիա մումիային պակասում էր վեց ատամ, մնացածը խիստ մաշված էին, բացակյում էր նաև երեք իմաստության ատամ։

Գիտնականները նշել են, որ իրենք հումանոիդի ամենաարտասովոր հատկանիշները հայտնաբերել են նրա ձեռքերին և ոտքերին: Դաստակի ոսկորների լայնությունը և երեք մատների հիմքերը սահուն և հավասարաչափ փոխվում են, ինչը ձեռքերը դարձնում է նույնքան լայն, որքան մարդու ձեռքը, բայց մոտ 20 սանտիմետրով երկար: Ձեռքի յուրաքանչյուր մատն ունի չորս մատնահատված, ի տարբերություն մարդկանց երեք մատնահատվածների: Ոտնաթաթի ոսկորները սահունորեն միաձուլվում են երեք մատներին և ունեն նույն լայնությունը, ինչ մարդունը, բայց մոտ 23 սանտիմետրով երկար: Ոտքի մատները ևս չորս մատնահատված ունեն։

Գիտնականները նաև պարզել են, որ Մարիամի գարշապարը ձևավորող կրունկոսկորը մարդկանց համեմատ տարբեր ձև և կառուցվածք ունի: Ելնելով դրանից՝ գիտնականները կարծում են, որ այս հումանոիդը ամբողջովին ուղիղ չի քայլել, այլ մարմնի կայունությունը պահպանելու համար կռացած է շարժվել:

Վերլուծությունը ցույց է տվել նաև, որ արարածը տառապել է ձեռքերի և ոտքերի արթրիտից, ողնաշարն էլ վնասած է եղել։ Միևնույն ժամանակ, հումանոիդի անատոմիական առանձնահատկությունները այնուամենայնիվ վկայում են, որ այն իգական սեռի անհատ է։ Թեև կան նաև տղամարդկանց ավելի բնորոշ հատկանիշներ։

Վերջում գիտնականները հայտարարել են, որ ըստ նոր վերլուծության արդյունքների՝ այս արարածը «չորացած մարդանման մարմին է՝ մարդուն նման կենսաբանական ճարտարապետությամբ, բայց բազում կառուցվածքային տարբերություններ, ինչպես նաև ձևաբանական և անատոմիական առանձնահատկություններ է ցուցադրում։