ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում աճում է դժգոհությունը նախագահ Ջո Բայդենի խորհրդականներից եւ նրա ընտանիքի անդամներից՝ այն խնդիրները թաքցնելու պատճառով, որոնք կապված են պետության ղեկավարի տարիքի հետ, կարեւոր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճում կրած ձախողումից հետո։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը։

Կուսակցական դոնորների, խորհրդականների եւ ակտիվիստների հետ հինգշաբթի օրվա բանավեճից հետո կայացած հարցազրույցը, ըստ պարբերականի տվյալների, վեր է հանել «նրանց աճող համոզմունքն առ այն, որ Բայդենն այլեւս ի վիճակի չէ մարտահրավեր նետել Թրամփին եւ պետք է տեղը զիջի ավելի երիտասարդ թեկնածուի»։ FT-ն մեջբերել է Դեմոկրատական կուսակցության վետերաններից մեկի խոսքերը, որը նշել է, որ Բայդենի թիմը «թափանցիկ չէր» նախագահի վիճակի վատացման հարցում։ Աճում է տարակուսանքն այն առիթով, որ [նախագահի] «մերձավոր շրջապատը թաքցնում է ինչ-որ բան բոլորից», ավելացրել է նա։

Ինչպես ասել է իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուր, հետախուզության աշխատակիցներից ոմանք, որոնք ամեն օր ճեպազրույց են անցկացնում Բայդենի համար, նկատել են նրա վիճակի վատացումը դեռ անցած տարի, ինչը հերքում է Սպիտակ տան եւ քաղաքական գործիչների հավաստիացումները նախագահի սուր մտքի մասին՝ կապված ընտրարշավի հետ։