ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Կապիտոլիումի գրոհի գործով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին քրեական հետապնդումից մասնակի անձեռնմխելիությունը ճանաչելու մասին երկրի Գերագույն դատարանի որոշումը։ «Գործնական առումով այս որոշումը նշանակում է, որ նախագահին թույլատրված սահմանափակումներ այլևս չկան։ Սա սկզբունքորեն նոր սկզբունք է և վտանգավոր նախադեպ։ Նախագահի լիազորություններն այլևս սահմանափակված չեն օրենքով»,- հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ այս երկրի Գերագույն դատարանը վճռել է, որ քրեական հետապնդման բացարձակ անձեռնմխելիությունը վերաբերում է նախագահի՝ իր սահմանադրական լիազորությունների շրջանակում կատարած գործողություններին։
Գերագույն դատարանի պահպանողական նախագահ Ջոն Ռոբերթսը նախօրեին հայտարարել է, որ նախագահը պաշտոնավարման ընթացքում կատարած պաշտոնական գործողությունների համար օգտվում է «բացարձակ անձեռնմխելիությունից»:
«Ոչ պաշտոնական գործողությունների վրա անձեռնմխելիությունը չի տարածվում», - հայտարարել է Ռոբերթսը` գործն ուղարկելով ստորադաս դատարան` պարզելու համար՝ արդյոք նախկին նախագահի դեմ մեղադրանքներն առնչվում են պաշտոնական կամ ոչ պաշտոնական վարքագծին:
Դոնալդ Թրամփն այս որոշումը ժողովրդավարության հաղթանակ էր որակել։
Միևնույն ժամանակ, պաշտպանությունը չի տարածվում նրա՝ որպես մասնավոր անձ «ոչ պաշտոնապես» կատարած գործողությունների վրա։
Վճիռը Թրամփին ևս մեկ կարևոր ժամկետի երկարաձգում է ընձեռում, քանի որ դա նշանակում է, որ Վաշինգտոնի դաշնային դատարանում վերջին նախագահական ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու փորձերի վերաբերյալ նրա դատավարությունը տեղի կունենա միայն նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններից հետո:





























