Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանում նացիստական օկուպացիայից փրկվածները շուտով կկարողանան օգնություն ստանալ Գերմանիայի կառավարությունից։ Ըստ DW-ի՝ դրա մասին հուլիսի 2-ին Վարշավայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
Շոլցը նշել է, որ Գերմանիան «ճանաչում է իր մեղքի ծանրությունն» ու պատասխանատվությունը գերմանական օկուպացիայի միլիոնավոր զոհերի համար։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Բեռլինը շարունակում է հավատարիմ մնալ պատմական պատասխանատվության սկզբունքին։ Տուսկն իր հերթին նշել է, որ ֆինանսական օգնությունը կվճարվի մի քանի ամսվա ընթացքում։
Քաղաքական գործիչները չեն հստակեցրել՝ որքան է լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայից տուժած մոտ 40 հազար լեհերին վճարվելիք փոխհատուցման չափը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Գերմանիայի կանցլերի հայտարարությունը ճիշտ քայլ է անվանել։ «Իհարկե, չկա այնպիսի գումար, որը կարող է փոխհատուցել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ»,- ասել է Տուսկը։





























