Ամերիկացի ընտրողների 50 տոկոսը կքվեարկեր ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի օգտին, եթե նա լիներ Դեմոկրատական կուսակցությունից 2024թ. նախագահական ընտրությունների թեկնածուն։ Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է սոցիոլոգիական Ipsos ծառայությունը։

Հետազոտության համաձայն, եթե նախագահի աթոռի համար պայքարեին Միշել Օբաման եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ապա հարցվողների 50 տոկոսը պատրաստ է աջակցել նախկին առաջին տիկնոջը, իսկ հանրապետական, նախկին նախագահ Թրամփին ձայն կտար ամերիկացիների միայն 39 տոկոսը։ Եթե ընտրությունը կատարվեր Թրամփի եւ Ջո Բայդենի միջեւ, ապա ամերիկացիներն իրենց ձայները հավասար կբաժանեին՝ 40 տոկոս Թրամփին եւ 40 տոկոս Բայդենին։

Հարցումն իրականացվել է հուլիսի 1-2-ին 1 070 ամերիկացիների շրջանում։

Ավելի վաղ, մարտին, NBC հեռուստաընկերությունը, հղում կատարելով Միշել Օբամայի գրասենյակին, հայտնել էր, որ նախկին առաջին տիկինը չի առաջադրի իր թեկնածությունը 2024թ. նախագահական ընտրություններում։